— Ի՞նչ չեմ փոշմանիլ, այ մարդ, եթե ես նրան իմ ձեռքի ուժը ցույց չտամ, նա այդ միևնույնն ուրիշ շատերին էլ կրպատմի, չէ . այն ժամանակ արդեն ես ավելի կխայտառակվեմ, քան թե բանտ նստելով։
— Թող պատմե. ո՞վ է նրան հավատացողը։
— Քանի որ դուք իմ հայրենակիցն եք, ինձ ճանաչողն եք, հավատում եք, ուրիշները ինչպե՞ս չեն հավատալ:
— Ե՞ս. բնա՛վ. ես նրան չեմ հավատում։
— Եթե չեք հավատում, ինչո՞ւ խոստումներդ ետ եք առնում և չեք կամենում տանել ինձ Թորոսյանի մոտ։
— Դրա պատճառը, սիրելիս, այն չէ, որ ես Մոմճյանին հավատում ու քեզ վատ տղայի տեղ եմ ընդունում, չէ. պատճառր այդ չէ։
— Հապա ո՞րն է:
— Ա՛յն է, որ Մոմճյանը ինձ խնդրեց և համարյա՛ թե աղաչեց, որ ես քեզ համար գործ չգտնեմ, երևի այն պատճառով, որ դու երկար ժամանակ անգործ մնալով ստիպված լինես կրկին իրենց դիմելու։
— Ավելի շուտ դժոխքը կերթամ, քան թե նրանց կդիմեմ։ բայց դուք այն ասացեք, մի՞թե խոստացաք նրա խնդիրը կատարել։
— Խոստացա, չէի կարող չխոստանալ։
— Ինչո՞ւ, ի՞նչ կապ ունիք նրա հետ։
— Պատճառը հետո կասեմ։
— Հիմա ասացեք, էլի՞. գոնե կլսեմ, կհանգստանամ։
— Պատճառը, սիրելիս, ա՛յն է, որ այդ մարդը իմ լավ բարեկամն է։ Ճիշտ է, նրա՝ քո մասին պատմածները ես բանի տեղ չեմ դնում, գիտեմ, որ խոսածները բոլորը սուտ են. ես քեզ լավ եմ ճանաչում, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, խոստացել, եմ խնդիրը կատարել նրա համար, որ նա ինձ շատ լավություններ է արել և էլի անում է։ Եթե նրա այդ խնդիրը չկատարեի, կարող էր ինձ վնասել։
— Ի՞նչ լավություններ է արել և ինչո՞վ կարող է վնասել։
— Լավություններն այն, է, սիրելիս, որ նա շատ ծանոթներ ու բարեկամներ ունի, բոլորին էլ խնդրել և համոզել որ գինին ինձանից գնեն․ և նրանք էլ գնում են։ ճիշտն