— Բայց դուք միայն ձեր ծանոթանալը պատմեցիք, ի՞նչ պատահեց հետո,— հարցրի կրկին:
— Նրանից հետո պատահեց ա՛յն, ինչ որ պատահում է բոլոր սիրողներին, մենք մոտեցանք միմյանց, հավանեցինք և սիրեցինք իրար։
— Հետո՞։
— Հետո շատ սիրեցինք։
— Բայց վերջը։
— Վերջը ամուսնացանք։
— Ա՜խ, տեր աստված, դուք կատակ եք անում, բայց չէ՞ որ ձեր սիրահարված ժամանակ սրտաշարժ տեսակցություններ, սրտատրոփ ժամադրություններ, լուսնկա գիշերներ և շատ գողտրիկ պատմություններ եք ունեցել։
— Իհարկե, այդ բոլորը կար։
— Եվ վերջապես միմյանցից հեռացած ժամանակ երկար նամակագրություններ կունենայիք՝ սիրաշունչ խոսքերով, սրտաշարժ մտքերով...
— Նամակագրություննե՞ր, օ՜, դրանց մասին էլ մի ասեք։
— Է՜հ, պատմեցեք ուրեմն այդ բոլորի մասին գոնե շատ համառոտ։
— Չէ, բարեկամ, համառոտ անկարելի է. իսկ երկար լսել, երևի դուք չեք կամենալ, — նկատեց տ. Մաթիլդը ժպտալով,— ամենից լավն այն է, որ երբ գնանք քաղաք, դուք մեզ շուտ-շուտ այցելեք։ Այն ժամանակ ես ձեզ կտամ կարդալու մի հարյուր հատ նամակ, երբ այդ բոլորը վերջացնեք՝ կտամ նորեն մի ուրիշ հարյուր. և եթե կամենաք՝ դարձյալ մի երրորդ հարյուր, և այդ բոլոր նամակներից, որոնց մենք գրել ենք միմյանց Գևորգի Պետերբուրգ գնացած ժամանակ, կծանոթանաք մեր սիրահարության ամբողջ պատմությանը։
Ես շնորհակալություն հայտնեցի բարեսիրտ տիկնոջը։
Բայց որովհետև միևնույն ժամանակ զգացի, որ առաջին այցելությունս շատ է երկարանում, որի պատճառով և, գուցե, սիրահար զույգի համար դառնում եմ իրոք երրորդ անձնավորություն, որ շատ անգամ հավասար է խանգարող բառին, ուստի վեր կացա շուտով և շնորհակալություն