հայտնելով իմ հյուրնկալներին, իրենց քաղցր հյուրասիրության համար, դեպի իմ մենավոր բնակարանը ուղևորվեցի։
Բարեկամներս բավական հեռու ճանապարհ դրին ինձ և խնդրեցին, որ քանի գյուղումն ենք, ստեպ-ստեպ այցելեմ իրենց։ Ես, իհարկե, խոստացա կատարել նրանց խնդիրը։
Հետևյալ օրը իմ երիտասարդ բարեկամներին տեսա անտառում, ուր նրանք թև-թևի տված դեպի մենավոր ծմակներն էին առաջանում։
Երկար ժամանակ նայեցի նրանց ետևից և զվարճացա։ Որովհետև մոտենալ և խանգարել նրանց միայնությունը, ծանր թվաց ինձ։
Չի՞ պատահել ձեզ տեսնել երբևիցե ճարտար նկարչի այնպիսի մի նկար, որի վրա պատկերանում է գարնանային բնությունը յուր նոր կենդանացող շքեղությամբ, ուր կարկաչուն վտակների մոտ, դալար մարմանդի վրա, կամ սաղարթախիտ ծառերի հովանու տակ, հանգչում է սիրահարների մի զույգ, անհուն երանության ժպիտն երեսին, կաթոգին հայացքները միմյանց ուղղած...
Ի՜նչ հիացմամբ են նայում այս պատկերի վրա գեղեցկին սիրահար աչքերը... Ինչպե՜ս մարդ ցանկանում է, որ այդ նկարը իրականություն լինի, որպեսզի մխիթարվի՝ հավատալով, թե գոնե կան երկու հոգիներ, որոնք երջանիկ են այս վշտալից աշխարհում...
Ահա՜, հենց այդ զգացմունքով էի տոգորված և ես իմ բարեկամների վերաբերմամբ։ Չէ՞ որ նրանք իսկապես երջանիկ էին և արժեր նրանցով ուրախանալ։
Իհարկե, փոքր չէ աշխարհում այն մարդկանց թիվը, որոնք դժբախտ չլինելով հանդերձ՝ տխրում են ուրիշների բախտավորությունը տեսնելով։ Ես, ընդհակառակը, տեսնելով հանդերձ իմ միայնությունը, իմ կյանքի դատարկությունը՝ ուրախանում էի իմ ծանոթ զույգի երջանկությամբ, փափագում էի, որ այդ երջանկությունը երկարատև լիներ, որ նա չսպառեր երբեք։
Կգտնվին, իհարկե, մարդիկ, որոնք իմ բնավորության