Էջ:Muratsan, vol. 3.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լինել— առանց հարգելի պատճառի, կամ որոշ նպատակի նա չէր կամենում։ Եթե նա խղճահարվելու թուլությունը չուներ, գեթ պատվասիրության զգացում ուներ. նա չէր ցանկանալ, որ Սարյանն անգամ դժգոհ լիներ իրենից ա՛յն բանի համար, որը իրեն, Մոմճյանին, մի հայտնի օգուտ չի պիտի բերեր։ Հետևապես պետք էր կարծել, որ Մոմճյանը լոկ թշնամության համար չէր, որ հալածում էր Սարյանին, այլ ուներ հարգելի պատճառ, և այդ պատճառը այն էր, որ նա Սարյանին իբրև գործակից հրավիրելով յուր մոտ, մտերմացել էր նրա հետ, բացել էր նրան յուր գաղտնիքներից շատերը, ծանոթացրել էր նրան յուր գործելու եղանակների հետ, մերկացրել էր նրա առաջ (իհարկե ակամայից) «Փնջիկ» թերթի խմբագրության բոլոր ոչնչությունը... և այդ, այնպիսի մի լուրջ, խելոք, թափանցող, հաստատակամ և որոշ բնավորության տեր երիտասարդի առաջ, որպիսին Սարյանն էր: Այդպիսի մեկին հակառակորդ ունենալ, և այն՝ հիշյալ պայմաններում, կնշանակե պաշտպանվելու ամեն միջոցներից զուրկ լինել։

Եվ որովհետև գալիք չարիքներից ու վտանգներից ամեն մարդ կամենում է պաշտպանվել, իսկ Մոմճյանը Սարյանի գոյության կամ հաջողության մեջ յուր ապագա ծրագրների խանգարումն ու յուր գործունեությանց արգելքներն էր նշմարում, ուստի բնական իրավամբ հալածում էր նրան և, եթե կարողանար, նույնիսկ նրա գոյությունը կոչնչացներ, որպեսզի շարունակ այն երկյուղի մեջ շչիներ թե՝ կա մի մարդ, որ յուր բոլոր գաղտնիքները գիտե, և սակայն նա յուր հակառակորդն է, հետևապես կարող է հրապարակ հանել մի օր այդ գաղտնիքները և դրանով հարվածել այն շենքը, որ ինքը կամենում է կառուցանել։

Սարյանը, իհարկե, այս մանրամասնությունների մևջ չէր մտնում. նա յուր տխուր վիճակովն էր զբաղված և չէր կարող գուշակել, թե կգա մի օր, որ ինքը օգուտ կքղաե Մոմճյանի հետ ունեցած ծանոթությունից և կհարվածե նրան կամ նրա նմաններին այն զենքով, որը յուր ձեռքն էր տվել նույն ինքը Մոմճյանը։ Այս պատճառով նա չէր էլ կարողանում վերջինի թշնամական հետապնդության պատճառը հասկանալ և նրա վարմունքը լոկ նրա չարասրտությանն էր վերագրում։