զգացումներով համակրել երիտասարդին, պատրաստակամութուն հայտնեց յուր վրա առնել նրա պարտքը:
— Անկարելի է. սիրող տղամարդի երգ պիտի լսենք. Վահան Իոսիֆիչը պիտի երգե,— պնդեց սեղանապետը։
— Ես էլ նրա լեզվից կերգեմ. սիրող տղամարդու երգ կերգեմ,— ծիծաղելով հարեց Ռոզան։
— Եթե այդպես է, համաձայն ենք.— որոշեց սեղանապետը:
Գեղեցկուհին սկսեց երգել «Հրեուհի» օպերայից հետևյալ մրմունջը (ռոմանս)։
|
...
Վերջին տողերը երգելու ժամանակ գեղեցկուհին գլուխը թեքելով՝ հանգչեցրեց երիտասարդի ուսի վրա և խանդոտ աչքերը նրա աչքերին ուղղելով, կարծես սրտի բաղձանքը այդ սիրազեղուն հայացքով կամեցավ հաղորդել նրան։
Վահանը նայեց քնքշաբար գեղեցկուհու աչքերին, քաղցր ժպտաց, և ապա հանկարծ երեսը մյուս կողմը դարձրեց։ Նրա մարմնով մի ցուրտ, բայց հազիվ զգալի դող անցավ և սառը քրտինքի ցողը ճակատը պատեց։
Ի՞նչ պատահեց նրան, ինչո՞ւ նա այլայլվեց։ Ոչ ոք չիմացավ։ Նույնիսկ գեղանի Ռոզան նրա դեմքի փոփոխությունը չնկատեց։ Բայց ի՞նչ էր նրա այլայլության պատճառը։
Երիտասարդը գեղեցկուհու աչքերի մեջ տեսել էր յուր սիրած օրիորդի, մաքուր և անարատ Աշխենի աչքերի նմանությունը։ Հաճության աղջիկը, հենց այն վայրկենին, որ խանդոտ աչքերով նայել էր նրա վրա, այդ նայվածքի հետ միասին զարթեցրել էր նրա սրտում սիրած աղջկա հիշատակը և