Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Բայց պետք է մտածես. Ռոզան ուշադրության արժանի աղջիկ է։

Ես մտածում եմ ավելի ուշադրության արժանի անձի վրա:

— Ո՞րը նրանից ավելի գեղեցիկ է։

— Ո՛չ. կնոջ մասին չէ խոսքս։

— Հապա ո՞ւմ մասին:

— Քո:

— Ի՞մ. խեր լինի ի՞նչ կա։

Դու կորստյան անդունդի վրա ես կանգնած, գիտե՞ս, թե՞ ոչ:

— Ի՞նչ է պատահել,— զարմացած հարցրեց գանձապահը:

— Ի՞նչ պիտի պատահեր։ Ա՛յն դրությունը, որի մեջ տեսա քեզ անցյալ երեկո, դեպի կատարյալ կորուստ է տանում քեզ։ Պետք է աշխատես ետ դառնալ այդ ճանապարհից։ — Հա՛, հա՛, հա՛, խելքդ սիրեմ, ա՛յ Վահան, ի՞նչ միամիտն ես. քեֆ անելը մե՞ղք է։

— Մեղք չէ, եթե մարդավարի անես, բայց այն քեֆը, որ դու էիր անում, ոչ թե մեղք, այլ չարագործություն է։

— Իստակ մղդսի ես ա՛յ. ինչո՞ւ Մուղնու եկեղեցում պաշտոն չես պտրտում. հաշվապահությունը քո ի՞նչ գործն է:

— Կատակը մի՜ կողմ դիր. ես կամենում եմ փրկել քեզ ապագա վտանգներից։ Թե ինձ չլսես, իմացիր, որ կթշվառանաս։

— Չեմ լսիլ. ես միայն Մարիա Իվանովնային կլսեմ մեկ էլ մադմուազել...

— Եթե այսօրվանից չես երդվիլ, որ վերջին անգամ ես այդ կանանց անունը տալիս, թե չես խոստանալ, որ այսուհետև անառակ կյանք չես վարիլ, այսօր ևեթ կհայտնեմ պարոն Թորոսյանին այն բոլորը, ինչ որ այն երեկո այգու ճաշարանում տեսա և լսեցի,— սպառնաց Վահանը։

— Օ՜, հո՜. ուրեմն դուք մատնություն անել էլ գիտեք. երևի «Փնջիկ»-ի խմբագրատանն եք սովորել այդ արհեստը,— նկատեց գանձապահը հոգնակի խոսելով և դեմքը խոժոռելով։