Էջ:Muratsan, vol. 3.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նրա հոգին վրդովվում էր, տեսնելով թե այդ սրիկան որպիսի՞ անխղճությամբ է խաբում այդ պատվավոր և հավատացող մարդուն։ Սակայն մտածելով, որ ավելի լավ է մի հոգի փրկել քան կորցնել, որոշեց լռել առժամանակ և գործ դնել յուր բոլոր ուժը և շնորհքը երիտասարդ գանձապահին կորստյան ճանապարհից հեռացնելու։ Այս որոշումը հանգստացրեց Վահանին և, մինչև անգամ, սեփական հանցանքի ծանրությունն էլ թեթևացրեց յուր աչքում։ Որովհետև, նա մտածում էր, որ եթե ինքը այդ երեկո ընկերացած չլիներ Թաղարյանին, չէր կարող երբեք նա գաղտնիքներին ծանոթանալ և, հետևապես, առիթ էլ չէր ունենալ մոլության ճանապարհից նրան հեռացնելու մասին մտածել։

Հետևյալ օրը, երբ Վահանը գանձապահին հանդիպեց, վերջինս այնպիսի անհոգ ու ուրախ դեմքով ողջունեց նրան, որ երիտասարդը մի րոպե շվարած մնաց։ Նա կարծում էր թե գանձապահը կհիշե յռւր արած հիմարությունները, անհաշիվ փողեր վատնելը, ամբողջ գիշերը անպատիվ հասարակության հետ անցնելը և այլն, և կամաչե իրենից։ Բայց գանձապահը ոչ միայն չամաչեց, այլև առաջին խոսքը, որ ուղղեց իրեն, այն էր թե՝ հիմար, ինչո՞ւ խայտառակեցիր ինձ։

— Դու դեռ չե՞ս զգաստացել,— հարցրեց նրան Սարյանը։

— Ես միշտ էլ զգաստ եմ եղել,— պատասխանեց գանձապահը ծիծաղելով,— բայց դու, ինչպես երևում է, միշտ էլ հիմար կմնաս. ինչո՞ւ այն երեկո ծածուկ փախար մեզանից։

— Կնշանակե դեռ չե՞ս զղջացել գործածներիդ համար։

— Զղջացե՞լ, ինչո՞ւ պիտի զղջամ, դու զղջացի՞ր, հիմար, որ մադմուազել Ռոզի արհամարհանքին արժանացար։ Երթ դու ծածուկ հեռացար նրանից, գիտե՞ս ինչ ասաց ինձ։

— Չեմ հետաքրքրվում գիտենալ։

— Չէ, չէ լսիր. հետաքրքիր է. ասում է քո այս բարեկամը, անշուշտ իդիոտ է. կերպարանքին նայողը կարծում է թե՝ հոգի և սիրտ ունի, բայց ինքն, իսկապես, անզգա արձան է, լավ կլինի, որ նրան զմռսեք և մուզեյում դնեք։

— Շատ չեմ մտածում, թե մի փողոցի աղջիկ ինչ կարծիք ունի իմ մասին,— նկատեց Վահանը արհամարհանքով։