Էջ:Muratsan, vol. 3.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թորոսյանը պիտի՞ զայրանա յուր դեմ, թե՞ լռության պիտի տա այդ օրվա հրատարակությունը, անվանելով նրան «լրագրական վայրախոսություն», ինչպես սովոր էր անվանել բոլոր ա՛յն լրագրական հարձակումները, որոնք երբեմնապես ուղղվում էին առևտրական աշխարհի զանազան գործիչների դեմ:

Սակայն ո՛չ գանձապահը և ո՜չ նրա ծառան չէին երևում։

Ինչո՞վ էր ուրեմն զբաղված պարոն Թաղարյանը։ Չէ՞ որ նրան էլ խիստ հետաքրքրում էր Վահանի հոդվածը. նա էլ անշուշտ կարդացած պիտի լիներ նրան և, հավանական է, որ շտապեր յուր շնորհակալությունը Վահանին հայտնելու։

— Ինչպե՞ս չէ, կարդացել էր, և ա՛յն՝ «Մանգաղ»-ի բոլոր բաժանորդներից վաղ։ Եվ հենց այդ րոպեին էլ նա զբաղված էր Վահան Սարյանին՝ իրենց դասակարգի դատը պաշտպանելու համար՝ գեղեցիկ հատուցումն անելով։ Այդ հատուցումը հետևյալն էր։ 

Նա գիտեր, որ Թորոսյանը առավոտները թերթ չէր կարդում, թեպետ ստանում էր։ Ուստի «Մանգաղ»-ի այդ օրվա համարը ծոցը դնելով շտապեց նրա մոտ, աշխատելով տանը պատահել նրան։

Թորոսյանը յուր փառավոր սեղանատանը նստած թեյ էր վայելում։ Նրա տրամադրությունը, հայտնի չէ ինչո՞ւ, խիստ լավ էր այդ առավոտ: Այդպես մի֊մի անգամ պատահում էր նրա հետ. մանավանդ, երբ հանկարծ մտածում էր, որ գործերը հաջող են գնում և աշխարհում վիշտ ու ցավ չունի։ Այս պատճառով խիստ սիրալիր կերպով ընդունեց գանձապահի ողջույնը, միևնույն ժամանակ զարմանք հայտնելով, որ նա այդ րոպեին յուր տանն էր գտնվում և ոչ գրասենյակում։


— Զարմանալու իրավունք ունիք,— ասաց գանձապահը ժպտալով,— որովհետև ես էլ հենց եկել եմ զարմանալի նորություն հայտնելու։

—Զարմանալի լինի, միայն թե ցավալի չլինի,— նկատեց Թորոսյանը և աթոռը առաջ քաշելով, պատրաստվեց գանձապահի նորությունը լսելու:

Թաղարյանը, որ գիտեր թե ի՞նչ մեծ նշանակություն ունի Թորոսյանի համար ոչ միայն յուր խոսքը, այլև դեմքի խաղը, ժպիտը, կամ խորհրդավոր հայացքը. աթոռը սեղանի մոտ