— Որ դուք ներեիք նրան. նա կարող է ուղղվել․ նա դեռ երիտասարդ է...
— Անկարելի է. իմ վճիռը վճիռ է. գնացեք ձեր գործին: Գանձապահը հեռացավ արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ։
Երբ նա գրասենյակը մտավ, Վահանը դիմավորեց նրան և ներքին անհանգստությամբ հարցրեց, թե արդյոք չէ՞ կարդացել «Մանգաղ»֊ի այդ օրվա հոդվածը։
— Ինչպե՞ս չէ, կարդացի,— պատասխանեց նա,— մեծ ուշադրությամբ կարդացի։
— Ինչպե՞ս գտաք։
— Հիանալի, հրաշալի։
— Ի՞նչ եք կարծում, Թորոսյանը նույնպես կարդացած չի՞ լինիլ։ —
— Չգիտեմ. չեմ կարծում։
— Իսկ եթե կարդա, ինչպե՞ս կվերաբերվի դեպի ինձ։
— Ես կարծում եմ, շատ հասարակ ձևով, նա լրագրական հոդվածների վրա ուշադրություն չէ դարձնում։
— Ուրեմն ինձ վրա չի՞ բարկանալ։
— Չեմ կարծում. ինչո՞ւ պիտի բարկանա. լրագրում տպված հոդվածները մի՞թե յուր գործին են վերաբերում։
Վահանը մի փոքր հանգստացավ, բայց դարձյալ կամենում էր նոր հարցեր անել, որովհետև չէր կարողանում գործով զբաղվել։ Իսկ գանձապահը, որպեսզի ստիպված չլինի նրա հարցերին սուտ պատասխաններ տալու, իսկույն ձեռն առավ դրամ արկղի տետրակը և սկսեց նախընթաց օրվա ել ու մտի գումարները ստուգել, թեպետ նախընթաց երեկոյան արդեն ստուգած և համագումարը մյուս երեսն էր փոխադրած։
Վահանը դարձյալ մնաց միայնակ յուր մտածմունքների հետ։ Բայց ինչո՞ւ նա այդքան անհանգստանում ու տանջվում էր։ Մի՞թե նա արդեն զղջացել էր յուր արարմունքի վրա, մի՞թե նա գիտակցաբար և խոր համոզմունքով չէր ձեռնարկել այդ գործին։
Ինչպես չէ. նա գիտակցաբար և համոզմունքով էր ձեռնարկել գործին և չէր էլ զղջում յուր արածի վրա. բայց որովհետև սկսել էր արդեն ճանաչել այն աշխարհը, որի մեջ