Էջ:Muratsan, vol. 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան պետք է դեն գցել, դրա դեմ խոսք չունեմ։ Բայց փչացած երիտասարդին կարելի է ուղղել, ճանապարհ բերել։

— Մենք խո վարժապետներ չե՞նք, մեր գրասենյակները դպրոցներ չե՞ն. ի՞նչ պարտավորություն ունենք փչացած մարդկանց ուղղելու վրա մտածելու, ով որ լավ է, պարկեշտ է, ազնիվ է, մենք նրան կպահենք,— նկատեց նախագահը։

— Իհարկե, ի՞նչ պարտավորություն ունենք,— հարեց տակառաձև վաճառականը և ժպտադեմ նայեց նախագահի աչքերին։

— Այն պարտավորությունը, որ մենք ավելի հասակավոր և ավելի փորձված ենք. մեզանից փոքրերին մենք պարտավոր ենք սովորեցնել այն, ինչ որ նրանք չգիտեն։ Մեզանից ո՞րը չէ սխալներ արել յուր երիտասարդության ժամանակ։

— Սխալներ արել ենք, ո՞վ է ուրանում,— խոսեց նախագահը,— սուտ ենք խոսել, գողություն ենք արել, թուղթ ենք խաղացել, անառակ կանանց ետևից ենք ընկել, միով բանիվ, ջահելություններ ենք արել, բայց մեզանից ո՞րն է այսպիսի անամոթ գործ կատարել, ո՞վ է համարձակվել լրագիրներում ամբողջ վաճառականության անունը խայտառակել։

— Ախր մեր ժամանակ լրագիրներ չկային, խմբագիրներ չկային․ ինչե՞ր եք խոսում․ այս անպիտան լրագիրները մեր օրով լինեին, մենք էլ հիմիկվա տղերանց պես կգժվեինք,— նկատեց հաստատամիտ վաճառականը և աչքերը շցջեցրեց ժողովականների վրա, կամենալով նրանց կարծիքն իմանալ։

— Ես հո դեռ երիտասարդ եմ, «Մանգաղ»-ը իմ աչքի առաջ է սկսել հրատարակվել, ապա ե՞րբ եմ ես այդ լրագ՛րում մի տող բան գրել,— պարծենալով խոսեց ինտելիգենտ պարոնը.— ես, մինչև անգամ, ոչ մի հայերեն լրագիր չեմ կարդում։

— «Փեթակ»–ն էլ իմ օրով է լույս տեսել, բայց մինչև օրս նրա ո՛չ մի համարը չեմ կարդացել, մինչև անգամ չեմ էլ հետաքրքրվել իմանալու, թե ո՞վ է նրա խմբագիրը,— խոսեց նիհար վաճառականը։— Տասնուհինգ տարի սրանից առաջ, իսկի չեմ մոռանում, գնացել էի Էնֆիաջյանցի մոտ մի քանի սնտուկ ծխտխոտ գնելու։ Նա, հո գիտեք, մեկ գլուխ ազգային գործերով է զբաղված։ Ինձ բռնեց, թե պետք է մի օրինակ