Էջ:Muratsan, vol. 3.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Փեթակ» ստանաս.— չեմ կարող ասացի.— չէ՛, պիտի ստանաս. — չեմ ստանալ.— չէ՛, պիտի ստանաս.— չեմ ստանալ ու չեմ ստանալ,— ասացի և գիժ կովի պես դուրս պրծա խանութից։ Այն օրից ի վեր էլ ես նրա մոտ ծխախոտ չեմ գնել։

— Ա՜յ վաճառականի վայել վարմունք,— գովեց նիհար առևտրականին պարոն նախագահը.—այգպիսով դու էնֆիաջյանցին զրկել ես մի քանի հարյուր ռուբլու օգուտից, որը այս տասնևհինգ տարվա ընթացքում կարող էր ստանալ քեզանից և շատ լավ էլ արել ես։ Մի՞թե առևտրականին կվայելե վատնել յուր թանկ րոպեները՝ լրագրի կամ այլ այդ տեսակ բաների մասին մտածելով։

— Փառք աստուծո, որ էնֆիաջյանցը միակն է մեր առևտրականների մեջ, ապա թե ոչ, մի տասը նրա նմանները լինեին, բաներնիս բուրդ կլիներ, էլ ո՜չ խելքը գլխին վաճառական կմնար, ո՜չ յուր պարտքը ճանաչող գործակատար,— տրամաբանեց տակառաձև առևտրականը։

Այս միջոցին Թորոսյանը յուր ընթերցումը վերջացնելով «Մանգաղա»-ի համարը դրավ սեղանի վրա և ոսկե կողերով ակնոցը քթի վրայից վերցնելով՝ սկսեց դարձյալ սև երիզովը փաթաթել նրան՝ առանց ժողովականներին նայելու։ 

— Հա՛, ինչպե՞ս գտաք ձեր գործաակտարի հոդվածը,— Ժպտալով հարցրեց նախագահը։

— Շատ լավ. շնորհքով է գրել,— պատասխանեց Թորոսյանը՝ կրկին յուր ակնոցով զբաղվելով։

— Ասում են, որ ձեր խորհրդովն է գրել,— հեգնաբանեց նախագահը։

— Սուտ չեն ասում։

—Ի՞նչ վարձատրություն եք կամենում նշանակել դրա համար այդ երիտասարդին։

— Ինչ որ դուք հրամայեք։

— Կատակը մի կողմը․ ի՞նչ տպավորություն արավ ձեզ վրա այն բոլորը, ինչ որ կարդացիք։

— Ինչո՞ւ համար եք ինձանից հարցնում․ դուք էլ մի վաճառական եք։

— Ինչպես ինձ, նույնպես մեր այս բարեկամների վրա շատ տգեղ տպավորություն է արել։