Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահեցի հիվանդի բժիշկներից մեկին, որ իմ վաղեմի ծանոթս էր։

— Հա, ինչպե՞ս եք գտնում ձեր հիվանդին,— հարցրի նրան:

— Առողջության հույսը աստծու վրա է մնում,— պատասխանեց նա:

— Ինչպե՞ս, ի՞նչ հիվանդություն է, որ այդպես եք խոսում:

— Սուր թոքախտ։

— Մի՞թե,— վախեցած հարցրի ես։

— Այո՛, բորբոքումը բռնել է արդեն ամբողջ թոքերը, հիվանդության ընթացքը հուսահատական է։

— Դուք կարծեմ միայնակ չեք, երկուսով եք բժշկում, ձեր ընկերն է՞լ նույն կարծիքի է,— հարցրի ես։

— Նա, ընդհակառակը, առաջ կարծում էր, որ տիֆ է, որովհետև սուր թոքախտի և տիֆի նշանները շատ դեպքում նույնն են լինում, բայց այժմ արդեն իմ համոզմունքին է եկել։

— «Խեղճ Գեորգ, ահա՛ թե ինչու՞ էիր թերահավատում քո բժիշկների վրա»,— ասացի ինքս ինձ և հեռացա։

Այնուհետև երկու անգամ միայն կարողացա այցելել խեղճ երիտասարդին, որովհետև երրորդ անգամին արդեն նրա մահը գուժեցին ինձ։

Ի՞նչ դրության մեջ պատահեցի ես Մաթիլդին, տեր աստված, նրա վշտահար պատկերը, դեռ այժմ էլ իմ աչքի առջևն է։

Գեորգի մահը պատահել էր կես գիշերին, իսկ մինչև առավոտ նա արդեն լալուց ու կոծելուց կիսով չափ սպառվել, գրեթե դիակնացել էր։ Երբ ներս մտա, նա նստած էր ամուսնու դագաղի մոտ՝ նրա դեմքից ավելի դալկագույն դեմքով և խոր ընկած աչքերով, որոնց մեջ ցամաքել էին արդեն արտասուքի աղբյուրները, նրա հայացքը անկենդան,