արտևանունքը անշարժ և բիբերը կարծես սառել էին կապիճների մեջ։
Հենց որ ինձ տեսավ՝ նորեն սկսեց լալ և աղիողորմ խոսքերով իմ սիրտը մորմոքել: Իսկ ես, դժբախտաբար մի կնոջից ավելի զգայուն սիրտ ունիմ, չկարողացա ինձ զսպել և չարաչար լաց եղա։
Մինչև հանգուցյալի դագաղը եկեղեցին հասցնելը, խեղճ կինը տասն անգամ ուշագնաց եղավ։ Բժիշկը ստիպված էր բոլոր ժամանակ յուր սթափեցնող սրվակով նրա կողքից գնալու։
Երբ պատարագը վերջացավ և հանգուցյալին դուրս էին բերում եկեղեցուց, Մաթիլդը խելագարի նման դեպի դագաղը վազելով այնպիսի մի սուր ճիչ արձակեց, որ բոլոր հուղարկավորների մարմնով սարսուռ անցավ. բայց և իսկույն էլ, դեռ դագաղին չհասած, ուշագնաց եղավ և փռվեց հատակի վրա:
«Խեղճ կին, թշվա՜ռ կին».— ասում էին անծանոթները մորմոքելով, իսկ ծանոթ, բարեկամ և ազգական, բոլորը միահամուռ լալիս և ողբում էին նրա կորուստը։
Վերջապես դագաղը դուրս բերին եկեղեցուց, հուղարկավորները հետևեցին նրան. սակայն հանդիսատեսների բազմությունը, եկեղեցու գավթից սկսած մինչև բակի դուռը, երկու կարգ կանգնած, սպասում էին, որ նորատի այրիի անցնելը տեսնեն։
Ես էլ նրանց հետ էի, որովհետև կամենում էի նախ ճանապարհ դնել Մաթիլիդին և ապա հուղարկավորներին հասնել։
Եվ ահա՛, վերջապես եկեղեցու դռներում Մաթիլդը երևաց, հենված յուր ազգականների ձեռների վրա: Բոլորր հետաքրքրությամբ սպասում էին նրա առաջանալուն։ Բայց նա միայն երկու քայլ փոխեց և հանդիսավոր ձևով կանգ առնելով՝ մի սառն և նազելի հայացք ձգեց բազմության վրա։ Հետո աչքերը դեպի երկինք ուղղելով ընկավ ասես ինքնամոռացության մեջ և մի քանի րոպե շարունակ մնաց այդ դիրքում՝ արձանացած։ Ինձ թվում էր, թե վշտերի ծանրությունը հետզհետե նրան դեպի անզգայություն է տանում։