Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով մի անձնական գործ ևս պատահեց, որի պատճառով դուրս գնացի քաղաքից և ամբողջ մի տարի գտնվում էի մոտիկ ավաններից մինում։ Բոլոր այդ ժամանակ ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չառա տ. Մաթիլդի վրա։ Թեպետ միշտ էլ հետաքրքրվում էի նրանով։

Երբ գործերս ավարտեցի այդտեղ, վերադարձա քաղաք։ Որովհետև իջևաններից մինում ուշացրել էին ինձ, այդ պատճառով քաղաքին մոտեցած ժամանակ արդեն մութ էր և ճրագները վառվել էին ամեն տեղ:

Իմ ճանապարհն անցնում էր այն հանգստարանի մոտով, ուր թաղված էր երիտասարդ Մորիկյանը։ Երբ կառքը մոտեցավ այն բարձրավանդակին, ուր նրա գերեզմանն էր գտնվում, տեսա որ նրա շիրիմի վրա բարձրանում է գեղեցիկ մարմարյա հուշարձան, որ լուսնի աղոտ լույսով լուսավորված, մի խորհրդավոր ազդեցություն արավ ինձ վրա. կարծես մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Բարեկա՛մ, մի թե առանց իմ շիրիմին այցելելու պիտի անցնես այդ ճանապարհով»։

Իսկույն կառքը կանգնեցնել տվի և բարձրացա դեպի հանգստարանը։ Բայց ինչո՞ւ, չգիտեմ, մի հանկարծական սարսուռ անցավ բոլոր մարմնովս, երբ գերեզմանատան ընդհանուր պատկերը տեսա։ Կարծես գերեզմանաքարերը մարմին առան և գլուխները բարձրացնելով հարցնում էին իրար, «ո՞վ է սա, որ համարձակվում է մեր գիշերային խաղաղությունը վրդովել»։

Իսկույն աչքերս դարձրի խեղճ Գեորգի շիրիմի վրա. նա ոչ միայն ինձ չվախեցրեց, այլև կարծես սիրտ ու քաջություն տվավ։ Մոտեցա, չոքեցի նրա առաջ և տխուր հուշարձանը համբուրեցի։ Բայց ինչպե՞ս ցուրտ, ինչպե՞ս սառն էր նա... «Այո՛, բարեկամ. մահվան ջերմությունը այդքան է միայն, փախիր դու այստեղից»,— շշնջաց նա կարծես իմ ականջում և ես, չգիտեմ թե ինչպե՞ս, ինքս ինձ նորեն կառքի մեջ գտա։

Շատ ծանր տպավորություն թողեց ինձ վրա բարեկամիս շիրիմին գիշեր ժամանակ այցելելը։

Իսկույն աչքիս առջև պատկերացան մոտիկ անցյալը: