Էջ:Muratsan, vol. 3.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հիշեցի մեր անցուցած օրերը, մեր զբոսանքները, զվարճախոսությունները, հիշեցի այն օրը, երբ առաջին անգամ պատսպարեցի երիտասարդ ամուսիններին իմ հովանոցի տակ. այն օրերը, երբ պատահում էի նրանց մենավոր անտառներում թեթևի տված զբոսնելիս... Եվ ինչպե՜ս շուտ անցավ այդ բոլորը... ինչպե՜ս շուտ...

«Խե՛ղճ Մաթիլդ, ի՜նչ ես անում այժմ դու, միայնա՛կ, տխո՛ւր, սգավոր... — մտածում էի ինքս ինձ. — մեռնողը ոչինչ չկորցրեց, նա միայն հավիտենական անհայտության, անհուն մոռացության ծովը սուզվեցավ, բայց քեզ որքա՛ն վիշտ, որքա՜ն կսկիծներ թողեց, և ինչպե՞ս հեշտ է մեռնել, բայց որքա՞ն դժվար՝ սիրեցյալի մահվանից ետ ապրել...»։

Այս մտածմունքների մեջ խորասուզված հասա տուն և որոշեցի հենց այդ երեկո գնալ Մաթիլդին այցելության։ «Խեղճ այրին կուրախանա, անշուշտ, ինձ տեսնելով», — մտածեցի ինքս և սկսա հագնվել:

Բայց այդ միջոցին մտավ գործակից բարեկամներիցս մինը, որ իմ գալուստը լսելով շտապել էր ինձ տեսնելու։ Դուրս գալու նպատակով պատրաստվելս տեսնելով, հարցրեց, թե ո՞ւր պիտի գնամ։ Պատմեցի նրան մի փոքր առաջ հանգուցյալ բարեկամիս շիրիմին արած այցելությունը և հայտնեցի նրա այրիի մոտ գնալու դիտավորությունս։

— Գործ չունի՞ս, ա՛յ մարդ, ի՜նչ սգավորներ մխիթարելու ժամանակ է,— բարկացած նկատեց բարեկամս. — այս երեկո ժողովարանում պարահանդես կա, գնանք այնտեղ։ Գոնե տխուր մտածություններդ կցրես։ Իսկ այրիներ մխիթարելու ժամանակ դեռ շատ ունիս։ Բացի այդ՝ այսպես ուշ նրա մոտ գնալն էլ հարմար չէ։ Գնանք անպատճառ։

Սկզբում ես շատ ընդդիմացա. պատճառներ բերի, հակառակեցի, բայց բարեկամս այնքան շատ խոսեց, որ վերջապես համոզեց ինձ՝ սգավորին այցելելու դիտավորությունս պարահանդես գնալու դիտավորության փոխելու։ Այսպես է աշխարհս. արտասուքից մինչև ծիծաղը միայն մի քայլ է։

Կես ժամից ետ մենք արդեն պարահանդեսում էինք։