Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցին, մեր կենդանության հույսն ու ապավենը, որ մեր ցանկացած պաշտոնյաները չունեն։ Մեր առաջ ապրում I մի ժողովուրդ, որ տգիտության ու նախապաշարմունքների գերին է դարձած և նա դրանցից ազատվելու կարիքը չէ զգում սիով բանիվ, ուր որ նայում ես, «հունձք բազում են և մշակք սակավ»։ Դառնանք անձնվեր մշակներ այդ ժողովրդի համար. գործենք նրա մեջ. ջերմացնենք նրա սիրտը դեպի յուր դպրոցը, սովորեցնենք նրան պաշտպանել յուր փրկության այդ զինարանը, օգնենք նրան հաստատել յուր եկեղեցում արժանավոր պա՛շտոնյաներ, որոնք կարող լինին զարգացնել ժողովրդի մեջ գերագույն առաքինություններ, հիմնենք կիրակնօրյա լսարան և դասախոսություններ կարդանք այդտեղ, շինենք թատրոնական բեմ և ներկայացումներ տանք, այսպիսով մենք աստիճանաբար կմեղմենք ժողովրդի տգիտությունը, կցրենք նրա նախապաշարմունքները և նոր սերնդի հառաջադիմության համար ճանապարհը հարթենք... Սրանք այնպիսի գործեր են, որոնց որտեղ և սկսելու լինինք, միշտ բարի արդյունք կտան, և, իհարկե, ավելի լավ է սկսել մեր հայրենի քաղաքում...

Այս և սրա նման շատ բաների վրա էին նրանք խոսում, դատում, վիճում, ծրագիրներ խմբագրում։ Բայց երբ գործ սկսելու ժամանակը հասավ, և նրանք իրենց աշխատությունները փորձեցին, այդ ժամանակ միայն երևան եկավ մի նոր, անծանոթ և իրենց կողմից չնախատեսված արգելք, որ նրանց բոլոր աշխատությունները, ծրագիրները, ընդնմին և նրանց հույսերը ցնդեցին օդի մեջ։

Այդ մեծ արգելքը նրանց անփորձությունն էր։

Բայց թերևս դուք կամենաք լսել մի քանի բան այդ նորավարտների կատարած գործերից. ես կպատմեմ։

Երևակայեցեք ձեզ մի խումբ, մոտ տասնհինգ հոգուց բաղկացած երիտասարդներ, որոնք երբեմն միասին, երբեմն երկու խմբի բաժանված՝ մտնում են «Հայոց շուկան»։

Ետ ընկած գավառական քաղաք, նոր լուրերի կարոտ, հարկավ, տեսնողները հետաքրքրվում և իրար հարցնում են, թե ո՞ւր է շտապում այդ խումբը։ Բայց մեր հերոսները որոշել են ամեն պատահողին իրեն միտքը չհայտնել,