Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացել, որ տիրացուներից ու ժամհարներից ծեծվեր։ Երրորդ խմբակը մեծ աղմուկ ու շփոթ հանելուն համար մատնվել էր ոստիկանության. իսկ չորրորդ խմբակի անդամները, որոնց հաջողվել էր արհեստավորների մի խումբ քարշ տալ իրենց հետևից մինչև քաղաքի հրապարակը, հայտնի չէ, թե նրան ի՞նչ դաս խոսելու համար, լսելով երրորդ խմբակի գլխին հասած չարիքը, փախել թաքնվել էին իրենց տներում։

Մի երկու օրից ետ, երբ մեր երիտասարդ գործողները հավաքվեցան իրենց ժողովատեղին և քննեցին իրենց գործունեության հաշիվը, տեսան, որ հետևանքը ոչ միայն անօգուտ, այլև ցավալի է եղած։

— Պարոններ, այդպես գործել չի լինիլ,— բացականչեց ընկերներից մինը մենք միայն աղմուկ ու շփոթ ենք հանում։ Սկսենք այնպիսի գործ, որը թե՝ օգուտ կարողանա բերել և թե՝ մտքեր չգրգռե:

Առաջարկված խորհուրդը բանավոր էր։ Բայց ի՞նչ գործ պետք է սկսեն, այդ հարցի վրա խումբը սկսեց լրջորեն մտածել։ Ապա եկավ այն եզրակացության, որ ամենից օգտավետը կլինի հիմնել կիրակնօրյա լսարան, ուր հասակավոր հայերին հավաքելով, հերթով դաս կխոսեին նրանց մի օր հայոց լեզվից, մյուս օր ազգային պատմությունից, մի ուրիշ օր բարոյագիտությունից և այլն։ Այս ճանապարհով նրանք կարող կլինեին պատրաստել ժողովուրդն այնքան, որ որոշ ճշմարտությունները նա կարողանար ճանաչել և պաշտպանել։

«Գեղեցիկ, հրաշալի...»,— բացականչեցին ամեն կողմից երիտասարդ գործողները և սկսան դասախոսության ծրագիրը կազմել։

Մի շաբաթից ետ ամեն բան պատրաստ էր։ Ընկերներից մինը յուր տան դահլիճն է տվել, մյուսը նստարաններն էր հոգացել, երրորդը մի ուրիշ կարիքը, իսկ մնացյալները դասախոսելով ժամանակն ու առարկաներն էին բաժանել իրենց մեջ։ Առաջին կիրակի լսարանի դահլիճում բավական ունկդիրներ կային, որովհետև խմբի անդամներից