Բ
Գավառական կարծիքը
Վահան Սարյանի բազմաթիվ բարեկամների շրջանում միայն մի ընտանիք կար, որին երիտասարդը սրտանց սիրում և հարգում էր և որի հետ բաժանում էր նա հասարակական նորությունների առթիվ զգացած յուր ուրախությունն ու տխրությունը։
Դա այրի տիկին Գոհար Երեմյանի ընտանիքն էր, որի հետ ծանոթացել էր, տիկնոջ դստեր համար իբրև ուսուցիչ հրավիրված ժամանակ։ Այդ ծանոթության առաջին օրից սկսած տիկին Երեմյանի տունը երիտասարդ Սարյանի աչքում երևեցավ իբրև ամայի անապատում գտնվող մի օազիս, որ պասքյալ ու վաստակաբեկ ուղևորին զովարար ջուր ու հանգիստ է մատակարարում, երբ նա մոլորված ու անհույս թափառում է ավազուտում։
Եվ, արդարև, այդ ետ ընկած, տգիտության մեջ խարխափող և ազնիվ ու վեհ գաղափարների անծանոթ գավառական քաղաքում տիկ. Երեմյանի ընտանիքը միակն էր, որ հետաքրքրվում էր ազգային և աշխարհի նորություններով, հետևապես և այդ աշխարհին պատկանող ու նրա բախտով հետաքրքրվող այցելուին կարողանում էր գոհություն պատճառել թե՛ ընտիր կարծիքների փոխանակությամբ և թե՛ այն սրտագին հետաքրքրությամբ, որով վերաբերվում էր նա դեպի յուր ազգայինների հեղհեղուկ բախտն ու վիճակը։
Տիկին Գոհարը, որ դեռ մանկության հասակից յուր ողջամիտ ծնողաց շնորհիվ ընտիր կրթություն էր ստացել, ամուսնական կյանքում անհաջող բախտի հանդիպելով և երիտասարդ հասակում այրիանալով յուր միակ ուրախությունն ու սփոփանքը գտավ յուր դեռահաս աղջկա խնամատարության և նրան կրթելու քաղցր պարտավորության մեջ։ Նյութական անզոր վիճակը, որ շատ անգամ արժանավոր և առաքինի անձինքները թողնում է անհայտության ու մոռացության մեջ, տիկին Գոհարին, հասարակության աչքից