Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկարողացավ ծածկել: Նա յուր անբիծ և առաքինի վարքով, խնայասեր տանտիկնությամբ և որդեսեր գորովով արժնավոր հայ կնոջ կատարելատիպն էր ներկայացնում. իսկ ուսումնասեր բնավորությամբ, զավակը կրթելու ու լուսավորելու մասին ունեցած բուռն տենչով նմանում էր զարգացած երկրներում ապրող ընտիր կանանց։ Այրի տիկնոջ այս առավելություններր հարգելի դարձրին նրան շատերի աչքում, թեպետ շատ նախանձոտ կանանց էլ թշնամությունը գրգռեցին։

Այսուամենայնիվ, եթե առաջինների համակրությունը խրախուսում էր նրան՝ վերջինների թշնամությունը չէր թուլացնում յուր հաստատամտությունը, որի շնորհիվ նա առաջին կինը հանդիսացավ այդ գավառական քաղաքում, որ յուր աղջկանը տվավ օրինակելի կրթություն՝ ներշնչված ազգասիրական զգացմունքներով և հայրենասիրական հոգվով։

Երիտասարդ Սարյանը, որ օրիորդ Աշխենի հայոց լեզվի և պատմության ուսուցիչն էր, քիչ երախտի՛ք չուներ օրիորդի զարգացման գործում։ Այն օրից սկսած, երբ նա ծանոթացել էր տիկին Գոհարի հայրենասիրական ձգտումներին, նա ամեն ջանք գործ էր դրել, որ յուր աշակերտուհին կրթվի ու զարգանա մոր հազվագույտ ցանկությունների համաձայն. այսինքն որ նա արժանավոր հայ աղջկա մի կատարելատիպ հանդիսանա։

Տիկին Գոհարի համար այս աշխատասեր երիտասարդ ուսուցիչը հետզհետե մի եղբոր և որդու չափ սիրելի դարձավ, ինչպես և ինքը երիտասարդի համար՝ մի հարազատ մոր համահավասար պաշտելի։ Նրանց երկուսի ունեցած կարծիքների, համոզմունքների և հայացքների նմանողությունը մի քաղցր և հարգելի մտերմություն էր ծնեցրել նրանց բարեկամության մեջ։ Երիտասարդ Սարյանը հաճախ այցելում էր այդ ընտանիքին երբեմն նրան ազգային ուրախություններ հայտնելու, երբեմն յուր ցավերը պատմելու և շատ անգամ՝ ծանոթ շրջանների կողմից՝ այրի տիկնոջ կրած բարոյական զրկանքների պատմությունը լսելու։ Վերջին դեպքերում, մանավանդ, նրանք միմյանց