տարածության մեջ, միայնակ, ազատ և ինքնիշխան: Աշխարհի անախորժ աղմուկը չէ անհանգստացնում նրան, և ոչ էլ չարասեր հոգիների բարբաջանքը խոժոռում է նրա պայծառ ճակատը...
— Սխալվում ես, որդի,— ժպտալով նկատեց մայրը,— նույնիսկ լուսինն յուր այդ բարձրության վրա, այդ անսահման մաքուր տարածության մեջ ազատ չէ չարասեր ոգիների պատճառած նեղություններից։ Նայի՛ր, տես. չէ՞ որ այս սև ու գորշագույն ամպերը շարունակ հետևում են նրան, որպեսզի խեղճի պայծառ պատկերը ծածկեն, չէ՞ որ շատ անգամ կատաղի մրրիկները խանգարում են նրա հանգստությունը և ո՞վ գիտե, դեռ ուրիշ ի՞նչ ցավեր ունի նա, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք և չենք էլ կարող գիտենալ։
Օրիորդը մոր նկատողությունն իրավացի գտավ և խորասուզվեց մտածության մեջ։
— Ա՞յժմ ինչի վրա ես մտածում, Աշխե՛ն,— հարցրեց մայրը։
— Նրա վրա, որ ամբողջ տիեզերքում, ուրեմն, ո՛չ հանգստություն կա և ո՛չ երջանկություն։
— Հանգստությունն էլ, երջանկությունն էլ գտնվում են անընդհատ գործելու և անընդհատ աշխատելու մեջ,— հանդիսավոր եղանակով հարեց երիտասարդ Սարյանը, որ այդ միջոցին մորից ու աղջկանից աննկատ մտել էր պարտեզ։
— Համաձայն եմ ձեզ հետ.— ծիծաղելով վրա բերավ տիկին Գոհարը և սեղմեց յուր բարեկամի ձեռը։
Օրիորդ Աշխենը թեթև շառագունելով բարձրացավ տեղից և ողջունելով երիտասարդին՝ յուր աթոռակն առաջարկեց նրան։
— Ո՛չ, հին հայկական եղանակով նստելն ավելի լավ է,— ասաց նա ծիծաղելով և ապա ծառի տակ փռած գորգի վրա ծալապատիկ նստելով ավելացրեց.
— Այսօր եկա ձեզ մի կարևոր նորություն հայտնելու։
— Ի՞նչ նորություն,— հետաքրքրությամբ հարցրին մայր ու աղջիկ։
— Երկու օրից ետ հեռանում եմ այստեղից,— հայտարարեց երիտասարդը։