խրախուսում և մխիթարում էին և վշտերի փոխադարձ բաժանումը շատ անգամ մոռացնել էր տալիս նրանց նույնիսկ վշտերի գոյությունը։
Այսպիսի բարեկամական հարաբերությանց մեջ, ինչպես որ բնական է, փոքրիշատե ծանրակշիռ մի գործ սկսելու ժամանակ նրանք միմյացից խորհուրդ էին հարցնում և միմյանց տված այդ խորհուրդներով օգտվում։ Այդ պատճառով էլ Վահան Սարյանը Թիֆլիս ուղևորվելու մասին նախագծած յուր որոշումը իրագործելուց առաջ շտապեց այդ մասին նաև յուր բարեկամներին հայտնել և նրանց խորհուրդը հարցնել։
Ամառային գեղեցիկ երեկո էր։ Լուսինը յուր աղոտ շողերը սփռել էր փոքրիկ, սիզավետ պարտեզի վրա, ուր երեկոյի զովարար հովը մեղմով ծառերի ճյուղերը շարժելով խորհրդավոր և ախորժելի շրշյուն էր հանում նրանց մեջ։ Ծերունի տանձենու տակ փռած գորգի վրա նստած հյուսում էր տիկին Գոհարը, և խոսակցում էր յուր դստեր հետ իրենց ներկա և ապագա վիճակի մասին։ Մանկամարդ աղջիկը — գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին հենած նստած էր մոր հանդեպ, փոքրիկ աթոռակի վրա։ Նա թե՛ պատասխանում էր մոր խոսքերին և թե՛ լուսնի ընթացքը. դիտում, որը կարծես յուրմով լուսավորված ամպերի մեջ լողում ու զվարճանում էր։
— Ինչպե՜ս գեղեցիկ է այս երեկո լուսինը մայրիկ,— բացականչեց հանկարծ օրիորդը, մոր խոսակցությունն ընդհատելով.— ինչպե՜ս կուզեի ես նրա տեղը լինել...
— Լուսինը միշտ գեղեցիկ է լինում, սիրելիս,— նկատեց մայրը,— մենք ենք, որ չենք կարողանում նրան միշտ գեղեցիկ տեսնել, որովհետև վատ տրամադրության Ժամանակ ամեն ինչ մեր շուրջը տխուր և տգեղ է երևում։ Բայց դու ինչո՜ւ համար ես կամենում լուսնի տեղը լինել։
— Ա՜խ, մայրիկ, չէ՞ որ նա շատ երջանիկ է։
— Երջանի՜կ, ինչ կնշանակե այդ,— հարցրեց մայրը հետաքրքրությամբ։
— Այո՛, մայրիկ, նա երջանիկ է, որովհետև գտնվում է այսպիսի բարձրության վրա։ Ապրում է մաքուր,