Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ-շատ գուցե միայն մոլեխինդ ու տատասկ աճեցնե...— դառնացած խոսեց երիտասարդը, հիշելով այն բոլոր նեղությունները, որ նա յուր ընկերների հետ միասին կրել էր հայրենի քաղաքում։

Եվ որովհետև տիկին Գոհարը ծանոթ էր այդ պատմություններին և լավ հասկանում էր, որ երիտասարդի այլաբանական ակնարկությունները վերաբերում են հայրենի քաղաքում կրած յուր անհաջողություններին, ուստի հարցրեց․

— Ի՞նչ ապացույցներ ունիք, որ Թիֆլիսի հողն ավելի պարարտ և պտղաբեր է, քան մեր երկրինը. ինչո՞ւ համար եք կարծում, որ ձեր գործունեությունն այնտեղ էլ նույն անհաջողություններին չի պիտի հանդիպի, ինչին որ հանդիպեց այստեղ։ Չէ՞ որ այնտեղ էլ նույն հայերն են ապրում, չէ՞ որ այնտեղ էլ ձեր գործունեությունը նույն հայերի շահերին պիտի նվիրված լինի։

— Ապացույցների մասի՞ն եք հարցնում, տիկին․ իսկույն ես ապացույցները բերեմ․— խոսել սկսեց երիտասարդը,— նախ ասացեք ինձ, ո՞ր հողի մասին մենք կարող ենք ասել թե պարարտ և պտղաբեր է, ա՛յն, որ միայն փուշ ու տատասկ է բուսցնում, թե՞ այն, որ ծաղիկներ է պճնում, թփեր ու ծառեր է բուսցնում, անտառներ է աճեցնում, այգիներ ու արտորաներ է հասցնում․․․

— Իհարկե վերջինը․ ի՞նչ խոսք կա դրան։

— Դե, ուրեմն, թվեցեք դուք ինքներդ, ի՞նչ լավ բան ունի մեր այս խեղճ քաղաքը։

— Այսինքն, ի՞նչ կկամենայիք որ ունենար։

— Շատ բան չեմ ուզում․ հենց գոնե մի բարեգործական հաստատություն, մի հիվաանդանոց, մի աղքատանոց, մի խեղճ լրագիր, մի խրճթանման թատրոն։

— Է՜հ, բարեկամ․ դուք արդեն շատ եք պահանջում, մի գավառական ետ եկած քաղաքի համար,— ժպտալով նկատեց տիկին Գոհարը:

— Հավատացեք, տիկին, շատ չեմ պահանջում, մինչև անգամ, որ նա իմ հիշած — արենպաստ հաստատությունները մինչև այժմ ունենար, որովհետև, քանի որ հիմնարկող