Էջ:Muratsan, vol. 3.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուժեր չեն եղած, հիմնարկություններն իրենք իրենց չէին կարող բուսնել, բայց չէ՞ որ մենք կամեցանք աշխատել հիմնել, ստեղծել, և մեզ խանգարեցին, մեր ձգտումներն ու ցանկություները նույնիսկ երկունքի մեջ խեղդեցին․ ախր սա երկիր չէ, սա դժոխք է․․․—վրդովված խոսեց երիտասարդ Սարյանը և թաշկինակը հանելով սրբեց ճակատը, որ րոպեական հուզմունքից քրտնել էր։

— Իսկ Թիֆլիսի մասին ի՞նչ էիք կամենում ասել,-մեջ մտավ օրիորդ Աշխենը, չկամենալով, կարծես, որ երիտասարդը խոսելուց դադարի։

— Հա, Թիֆլիսի՞․․․ Օ՜, նրա մասին շատ բան կարելի է խոսել։ Երևակայեցեք ձեզ, մի քաղաք, որ հարյուր հազար և ավելի բնակիչ ունի և, դրանց մեջ ձեր ազգակիցները տհագին մեծամասնություն են կազմում։ Բայց ի՞նչ մեծամասնություն․ խելոք, ընտիր լուսավորված։ Արդեն այդպիսի մարդկանց հետ լինել, նրանց կյանքով ապրելը, նրանց հասարակական գործունեության մասնակցելը՝ կես երջանկություն է։ Ինձ համար գոնե այդպես է։ Այնուհետև երևակայեցեք, որ այդտեղ մարդիկը բնավ չեն նմանում մեզ մոտ եղող խրթվիլակներին․ այլ որ դրանք իսկապես մարդիկ են, որոնք խոսածդ ըմբռնում են, զգացմունքներդ հարգում են, անկեղծությանդ հավատում են, ձեռք են մեկնում քեզ՝ երբ նրանց «եղբայր» ես անվանում, խրախուսում են քեզ՝ երբ դու դեպի բարին, գեղեցիկը և վսեմն ես ձգտում․․․

Գործել այդպիսի ժողովրդի մեջ, աշխատել թեկուզ գիշեր և ցերեկ և հավատալ, որ այդ աշխատության համար թափվող քրտինքը ընկնում է մի հողի վրա, որ մեկի փոխարեն տասնապատիկ պիտի պտղաբերե — դա արդեն մի կատարյալ երջանկություն է։

— Եվ դուք կարծում եք թե՝ այդ քաղաքում ամեն ինչ ձեր երևակայած չափ գեղեցիկ ու վարդագո՞ւյն է,-հարցրեց տիկին Գոհարը ժպտալով։

— Ես ոչ թե կարծում, այլ հաստատապես հավատում եմ․ և դրա համար անհերքելի փաստեր ունիմ։

— Օրինա՞կ։