ինչպես և տղամարդը, միայն թե աստծուց իրեն ուժերի չափով:
— Այո՛, օրիորդ, տիկնոջ նկատողությունը իրավացի է,— հարեց երիտասարդը.— ձեզ ապացույց Թիֆլիսի կանայք. չէ՞ որ նրանք էլ ունեին փառավոր ընկերություն, նրանք էլ գործում են նույնչափ հաջողությամբ, ինչպես այնտեղի տղամարդիկ։
— Այո՛, Թիֆլիսի կանայք և ո՛չ թե մենք, այո անհայտ անկյունում ապրողներս,— դառնությամբ նկատեց օրիորդը։
— Մի օր էլ դուք կարող եք գնալ, եթե տիկինը կամենա,— ասաց երիտասարդը։
— Ես ձեր գնալուն էլ հակառակ եմ, ո՞ւր մնաց թե մենք գայինք,— ծանրությամբ նկատեց տիկինը։
— Ինչո՞ւ։
— Շատ պարզ պատճառով, եթե յուրաքանչյուր գավառական քաղաքից յուր հասունացած ուժերը հետզհետե դեպի մայրաքաղաք հեռանան և նրանց տեղը տգետ գյուղացիները բռնեն, էլ գավառական քաղաքը ինչպե՞ս կարող է լուսավորվել։ Գործելու ուժ ու եռանդ թե ունիք, ինչպես փոքր առաջ էլ ասացի, գործ դրեք ձեր հայրենի քաղաքում, որն ավելի կարիք ունի ձեր օգնության, քան թե Թիֆլիսը, ուր ձեզանից լավերը բազմաթիվ են։
— Փոքր առաջ ես էլ ասացի ձեզ, տիկին, որ մենք ամենից առաջ այստեղ սկսեցինք գործել, որովհետև մեր նպատակն ամենից առաջ մեր հայրենի քաղաքին ծառայելն էր: Բայց հայրենի քաղաքը մեզ չկամեցավ ճանաչել և մեր հույսերը կործանեց...
— Ո՛չ այնքան հայրենի քաղաքը, որքան ձեր անփորձությունը,— նկատեց տիկին Գոհարը ժպտալով։
— Իրավունք ունիք. ես էլ ձեր կարծիքի եմ։ Ուրեմն այո դեպքում իմ հեռանալն ավելի ևս անհրաժեշտ է։ Որովհետև այստեղ մնալով չեմ կարող ո՛չ փորձառություն ձեռք բերել և ո՛չ ունեցածս մտավոր պաշարը հարստացնել՝ մինչդեռ ինձանից ավելի խելոք ու փորձված մարդկանց մոտ գնալով՝ թե՛ խելք կսովորեմ նրանցից և թե՛ պատշաճավոր ձևով գործելու եդանակը։ Ես կարծում եմ, որ միայն այսպիսի