Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I

Ինչպե՞ս է պատահել, չգիտեմ, մայրս էլ այդ մասին մի որոշ բան չէ ասել ինձ, բայց ես այսօր սապատող (կուզ) եմ:

Ասում են, որ այս սապատը շատ տգեղացնում է ինձ, հավատում եմ. բայց կցանկանայի, որ ոչ ոք չտեսներ նրան, կամ, գոնե, չհիշեցներ ինձ նրա գոյությունը։ Որովհետև ամենասիրելի բարեկամս անգամ, որ հիշեցնում է ինձ նրա մասին մի խոսք, դառնում է իմ աչքում կատարյալ սատանա:

Շատ է պատահել, որ ես ինձ վրա զայրացել, ինձ նախատել եմ դյուրագրգիռ լինելուս համար. աշխատել եմ սառնությամբ տանել իմ սապատի մասին եղած ակնարկությունները, բայց իզուր։ Ասում են, որ մսից և արյունից շինված մարդը ուրիշ կերպ լինել չէ կարող և ես հավատում եմ...

Բայց թողնենք այս անախորժ զրույցը։ Ես մի քանի խոսք պիտի ասեմ ձեզ՝ ամենիս ծանոթ Արդուկյանի մասին:

II

Իմ բարեկամները հաճախ հարցնում են ինձ, թե ինչո՞ւ ես այժմ այնքան ատում եմ նրան, իսկ ես գրեթե ոչ ոքի մի գոհացուցիչ պատասխան չեմ տվել։ Բայց այժմ, երբ դուք բոլորդ լսում եք ինձ, ես կխոստովանեմ ամեն ինչ՝ առանց մի նշանախեց անգամ ծածկելու։