Էջ:Muratsan, vol. 3.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պ. Արդուկյանին ես, արդարև, ատում եմ այսօր, և իրավունք ունեմ. նախքան այդ իրավունքի մասին խոսելը, թույլ տվեք պատմել, թե առաջ ինչպես էի սիրում նրան:

Այո՛, այս դեռ իմ ուսանողության ժամանակն էր. իդեալների, սուրբ մտածությունների և ոգևորության ժամանակը... երբ հայ թերթերը բերում էին ինձ պոստից, ուրախությամբ խլում էի ես նրանց ծառայի ձեռքից, շտապով և գրեթե դողդողացող ձեռքով որոնում էի ա՛յն լրագիրը, որին Արդուկյանն էր աշխատակցում, և երբ տեսնում էի նրա ստորագրությունը, ուրախությունից մոռանում էի ամեն բան... ճաշո՞ւմ էի այդ ժամանակ, թե՞ խոսակցում, աշխատո՞ւմ էի, թե՞ զբոսնում, ամեն ինչ մնում էր անկատար: Վերցնում էի սիրածս թերթը, առանձնանում սովորական անկյունը և սիրապատար, ոգեկան ծարավով կարդում նրա հոդվածները։ Օ՜հ, ի՜նչ հաճույք, ի՜նչ զվարճություն և մանավանդ թե ի՜նչ ոգևորություն էին ներշնչում ինձ նրա խոսքերը, նրա մտքերը... Որքա՜ն բարձր և որքա՜ն ազնիվ էին թվում ինձ նրա զգացմունքները, որքա՜ն բանավոր նրա կարծիքները, որքա՜ն ուղիղ նրա հայացքները...

Շատ բան նրա գրածներից ես պահում էի իմ ծոցի մեջ, և երբ ուսանողներս հավաքվում էինք մի տեղ, երբ գարեջուրը թևեր էր տալիս մեր ուրախությանը և իմ ընկերները զգացված ճառեր էին խոսում, ես հանում և բարձրաձայն կարդում էի Արդուկյանի հոդվածները, ոգևորվում և ոգևորում էի իմ ընկերներին. մենք բաժակները լցնում էինք մինչև բերանը, շրխկացնում էինք միմյանց և անկեղծ սրտով ու անխաբ սիրով խմում մեր ամենիս սիրելի Արդուկյանի կենացը...

Այս գաղափարական կյանքի մեջ, երիտասարդական վսեմ զգացմունքների ժամանակ Արդուկյանը մեր ուսուցիչը և մեր առաջնորդն էր։ Եվ ինչպե՜ս ցանկանում էի ես նրան գեթ մի անգամ տեսնելու...

Այն օրը, երբ համալսարանն ավարտած պատրաստվում էի Կովկաս վերադառնալ, իմ ուրախությունն անսահման էր։ Ես չէի ուրախանում, իհարկե, իմ ծնողաց,