բացատրությունների առարկա էր դարձնում նրանց։ Նա կամենում էր հավատալ, թե օրիորդի սրտի խորշերը սպրդել էին թաքուն զգացմունքներ և թե նրա այդ խոսքերը նույնիսկ այդ զգացմունքների գոյությունն էին ապացուցանում։
Մինչև այդ րոպեն նա գիտեր միայն, որ օրիորդ Աշխենը պարկեշտ, բարեսիրտ և ազնիվ աղջիկ է. այժմ նա պատկերացնում է յուր առաջ նաև նրա սիրուն հասակը, գեղեցիկ գլուխը, թիկունքի վրա ծածանող հարուստ մազերը, կյանքով ու կրքով լի աչքերը, վարդի պես գեղանի դեմքը, միշտ ժպտող շրթունքները... հիշում է նրա մուզիկայի նմանող ձայնը, նրա արծաթահնչյուն ծիծաղը, նրա թրթռուն շարժվածքը, մտաբերում է նրա երբեմն ուրախ կատակները և հաճախ խելոք և նրբամիտ զրույցները... և զգում է թե ինչպե՜ս ծանր և ինչպե՜ս դժվար է այսպես շուտ հեռանալը նրանից։
Իսկ եթե դուք գաղտնապահ լինեք, ես ձեզ կասեմ, որ նա նոր չէր օրիորդի այդ առավելությունները տեսնում, վաղուց այդ սիրուն աղջիկը երիտասարդի մտքերը զբաղեցնում և սիրտը հուզում էր։ Շատ անգամ էր նա կամեցել սևեռել յուր հայացքն օրիորդի կրակոտ աչքերին և լռիկ նայվածքով ասել ու պատմել նրան այն բոլորը, ինչ որ կատարվում էր յուր հոգեկան աշխարհում, յուր սրտի թաքուն խորշերում... Բայց նա ուսուցիչ էր. հա՛յ ուսուցիչ, և այն՝ հայի պարկեշտ ընտանիքում։ Նա պարտավոր էր լինել համեստ, ազնիվ և առաքինի, եթե սերը մինչև անգամ դժոխք վառեր յուր սրտում, նա պարտավոր էր նրա բոցերը սառնամանիքով պատել։ Այդպես էր հասկանում երիտասարդ Սարյանն ուսուցչի կոչման նշանակությունը։ Եվ այդ էր պատճառը, որ տիկին Գոհարն անպայման հավատում էր նրան իբրև յուր հարազատ եղբոր։
Իսկ այժմ, երբ արդեն որոշված է, որ նա հեռանում է այստեղից, երիտասարդը կարծես իրավունք է տալիս վաղուց ճնշված յուր զգացմունքներին նորից շարժվել, կենդանանալ և մինչև անգամ յուր սիրտն ու հոգին ալեկոծել։
Երկար պարտեզի վրա նայելուց և մոտիկ անցյալի զանազան հիշատակներ յուր հիշողության մեջ նորոգելուց