Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողանում տեղից շարժվել և ինքն էլ, գուցե, չգիտեր թե ինչո՞ւ շարունակ նայում էր պարտեզին։ Այն միտքը, թե նա հեռանում է այդտեղից, թե նա այլևս չպիտի տեսնե յուր բարեկամներին, չպիտի ունենա մեկը, որին յուր ցավերն ու վշտերը պատմել կարողանա— ամեն ինչ նորեն քաղցրացնում էր յուր աչքում։

Նա հավատում էր, որ այն քաղաքում, ուր ինքը պիտի պանդխտեր, Երեմյանների ընտանիք չի կարող լինել։ Իհարկե, կգտնվեին տիկին Գոհարի պես խելոք, առաքինի, ծանրաբարո և զգաստասեր կանայք, կգտնվեին օրիորդ Աշխենի նման քնքուշ, պարկեշտ, բարեսիրտ և ազնիվ զգացմունքներով ոգևորվող աղջիկներ, բայց որ ինքը չէր կարող նրանց մոտենալ, որ նրանք յուր հետ չէին մտերմանալ այն աստիճան, որ այստեղի բարեկամուհիներին փոխանակեին— այդ հաստատ էր։ Եվ ահա այդ պատճառով նա կամենում էր մի փոքր ավելի վայելել ա՛յն բոլորը, ինչ որ մինչև այն յուր համար, թեպետ քաղցր, բայց սովորական էր եղած, իսկ այժմ նրանցից հեռանալու պատճառով, դառնում է քաղցրագույն և հազվագույտ։

Այս մտածմունքների մեջ երիտասարդի աչքն ընկավ պարտեզի վարդենիներով պատած փոքրիկ ծաղկածուին, ուր շահոքրամի, նարնջածաղկի և նարգիզի թփերի վրա կարծես իշխանաբար ծածանում էին նորաբաց և ձյունափայլ շուշանները, որոնք լուսնի խորհրդավոր լույսի առաջ մի տեսակ գրավիչ և կախարդող տեսք էին ստացել։ Հանկարծ նա հիշեց օրիորդի մի քանի օր առաջ իրեն ասած խոսքը թե՝ «Որովհետև դուք բոլոր ծաղիկներից ավելի սպիտակ շուշաններն եք սիրում, ուստի ես նրանց տնկել եմ ծաղկածուի առաջին կարդում, որպեսզի պարտեզ մտնելուն պես ամենից առաջ նրանց նայեք...»։

Ո՞վ գիտե, որքա՜ն անկեղծությամբ, որքա՜ն պարզությամբ էին ասվել այս խոսքերը, չէ՞ որ մի երախտավոր ուսուցչի համար միշտ երախտագետ սիրտ է ունենում աշակերտուհին։ Բայց երիտասարդ ուսուցիչը, որ մի քանի օր առաջ մանկամարդ աղջկա այդ խոսքերը իբրև քաղաքավար հաճոյախոսություն էր ընդունել, այժմ խորհրդավոր