Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակները նորից կանաչեցրել ու գեղեցկացրել էին, մերթ մռայլ ու բարձր լեռների ստորոտով, որը ծածկված էր լինում ծառախիտ անտառով, և մերթ քերում էր բլուրների կողերը կամ գետերի ու ձորակների եզերքը, որոնք պատած էին լինում գորշ-կանաչագույն կամ արդեն դեղնող մացառուտներով։ Մի տեղ լսվում գետի կարկաչը, մյուս տեղ ջրվեժի սիրուն շառաչը, իսկ մացառուտներում՝ թևավորների երգն ու աղմուկը:

Այսուամենայնիվ, մեր ծանոթ Վահան Սարյանը, որ յուր ընկերակիցների հետ միասին ֆուրգոններից մեկի մեջ էր գտնվում, չէր նեղանում բեռնակառքի պատճառած անհանգստություններից։ Նրա համար ամեն ինչ նոր էր, հետևապես դեռ հետաքրքրական։ Նա դրանից ավելի հանգիստ կառքերով չէր ճանապարհորդել, ուստի չէր էլ գանգատվում յուր վիճակից, ինչպես և առհասարակ չեն գանգատվում այն աղքատները, որոնք իրենց բոլոր կյանքում միշտ միևնույն խրճիթումն են ապրում և միևնույն ցամաք հացով ոլ ջրով սնանում առանց փարթամության ճաշակը երբևիցե առնել կարողանալու։

Բացի այդ, երիտասարդ Սարյանը դեռևս զբաղված էր յուր սրտին ու հոգուն ավելի մոտ և ավելի սիրելի մտածմունքներով։ Ինչպես որ բեռնակառքի ոստյունները չէին նեղացնում նրան, այնպես էլ շրջապատող բնության գեղեցկությունները չէին զվարճացնում։ Նա դեռես հոգով յուր հայրենի քաղաքում, յուր սիրելիների մոտ էր գտնվում։ Չնայելով որ վաղուց քաղաքի պարիսպներն ու աշտարակները ծածկվել էին նրա ալքերից, վաղուց ծանոթ դաշտերն ու լեռները անհետացել, այսուամենայնիվ նա հաճախ հանում էր գլուխը բեռնակառքի ծածկարանի վանդակներից և կտավե ծածկոցը բարձրացնելով, նայում էր դեպի այն ճանապարհը, որն անցել էին, դեպի այն բլուրներն ու լեռները, որոնք հայրենի քաղաքը ծածկում էին յուր աչքերից:

Բայց մի՞թե նա քաղաքի պարիսպներն ու աշտարակներն էր որոնում, հին դարերի ռազմական այդ տխուր մնացորդները. իհարկե ոչ. նա որոնում էր նրանց մեջ այն տունն