Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատերին հաճույք պատճառելով։ Ագահ կառատերերը, վստահանալով ձիաների ուժին, այնքան էին բարձել կառքերը, որ նրանց մեջ ուղևորների համար գրեթե ազատ տեղ չէր մնացել։ Նրանցից շատերը նստած էին կռացած և շարունակ զգուշանում էին, որ բեռնակառքի օրորվելու ժամանակ՝ գլուխները նրա ծածկարանի վանդակներին չդիպչեն և գագաթներն ուռուցով ու պալարներով չպատեն։ Խեղճերի դրությունն անտանելի էր լինում, մանավանդ, երբ ծանրամարմին բեռնակառքերն անցնում էին գետերի կամ ցամաքած հեղեղատների միջով, որոնց անկողինը, ինչպես հայտնի է, խճողված է լինում լպրծուն ու ջրամաշ քարերով։ Այսպիսի ժամանակ ֆուրգոնները ոչ թե օրորվում, այլ ուղղակի ոստոստում էին, և ա՛յն այնպիսի անհանգստացնող տատանումներով, որ ողևորն յուր չարատանջ մարմինն անկարող էր լինում կառավարել։ Որովհետև երկու ձեռքով փորն ու կողերը բռնելով՝ բնականաբար, անխնամ էր թողնում գլուխը, որն յուր կարգին աջ ու ձախ տատանելով՝ զարկում էր մերթ ծածկարանի վանդակներին և մերթ հարևան ուղևորի նմանաչարչար գլխին։ Իսկ սրա դերը, նայելով թե հարվածողն է ինքը, թե՞ հարված ընդունողը, կամ ծիծաղում և կամ վշտահար հեծում էր: Ըստ որում ընդհարման բնական օրենքով երկու իրար զարկող գլուխները միատեսակ չեն զգում ցավը։ Միշտ պինդ զարկողը, իբրև հարվածող, ազատ է լինում ցավից, ուստի և ծիծաղում է. մինչդեռ հարված ընդունողը ստիպված է լինում հեծել։ (Ասենք թե միայն նեղ ֆուրգոններում չէ այդպես, նույնիսկ մեր ընդարձակ աշխարհում՝ լաց լինելու և ծիծաղելու համար՝ մարդիկ միշտ միևնույն օրենքներին են ենթարկվում...)։

Այս անհանգստացնող հանգամանքները շատ անգամ զրկում էին ուղևորին նաև ճանապարհի վրա հանդիպող բնության գեղեցիկ տեսարանները դիտելուց։ Իսկ այդպիսի տեսարանները բազմաթիվ էին։ Որովհետև երկարաձիգ խճուղին, որի վրայից դղրդալով ու գրգռալով առաջանում էին ֆուրգոնները, անցնում էին մերթ լայնանիստ և ուղղատարած դաշտերի միջով, որոնց աշնանային տամուկ