Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էնենց լա՜վ փլավ, բոզբաշ, ղավուրմա ու լյուլաքյաբաբ ին ուտեցնում,— մեջ մտավ Սանդրոն։

— Լավ, ուրեմն, մի տեղ կճաշենք։ Բայց ինչպե՞ս է ձեր թեյարանի անունը, ասացեք, որ երկրորդ անգամ գալիս չսխալվեմ։

— Ի՞նչ ասավ, թեյարա՞ն...— հարցրեց Սանդրոն Մանասին։

— Այո՛, թեյարան,— կրկնեց երիտասարդը։

— Կուբախշիս, լավ հայեվար չիմ իմացի. թեյարան ի՞նչ է։

— Տո, ձեր չայխանան է ասում, էլի՜. հայերեն չայխանին թեյարան են ասում։

— Վա, Մանաս, դո՞ւն էլ էտենց խուրը բաներեմեն խաբար ի՞ս,— ծիծաղելով հարցրեց Սանդրոն։

— Տո, ութ օր է միասին ենք գալիս, էնքան բաներ եմ սովորել որ...

— Թեյարան... թեյարան... ես ու իմ աստուձը, լավ անուն է։

— Հիմա խո իմացար, դե ասա։

— Ի՞նչ ասիմ, Մանաս ջան։

— Տո՛, մեր էս պարոնը հարցնում է, թե ձեր թեյարանի անունն ի՞նչ է, ասա, որ իմանա։

— Հա, էտենց ասա՛, է՜. միր թեյարանի անումը, պարուն, դուն իմն իս, վրացեվար ասում ինք «Հալալ օփլիտ մցխովրեբլեբիս չայիս ադգիլի»։

— Ուզում է ասել՝ «Արդար քրտինքով ապրողների թեյարան»,— թարգմանեց շիրաջը:

— Լավ անուն է. շատ լավ անուն է. բայց այդ որտե՞ղ է գրած,— հարցրեց երիտասարդը։

— Ա՛յ, դրսևը, վիվեսկի վրեն։

— Հայերե՞ն։

— Չէ, ռուսեվար. մեկ էլ վրացեվար։ — Ինչո՞ւ հայերեն չեք գրում։

— Տեղ չկա, պարոն ջան, վիվեսկեն նիղ է:

— Ուրեմն վրացերենի տեղ հայերեն գրեիք: