Էջ:Muratsan, vol. 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չի՛ ըլի, միր մուշտարիքը հայեվար չին կանա կարթա:

— Իսկ ռուսերեն կարողանո՞ւմ են:

— Չէ. ռուսեվար էլ ղորդովոյնիրն ին կարդում, աս պրիստավնիրը։

Այդ միջոցին Գարսոն Պոպովի թեյի նոր կապուկը բերավ և տվավ տիրոջը։ Սանդրոն բաց արավ, թեյի մի գդալ ածեց փոքրիկ թեյնոցի մեջ և դնելով եռացրած ջրով լցրած մեծ թեյնոցի վրա տվավ Գարսոյին։ Վերջինս սկուտեղի վրա դնելով այդ երկվորյակ թեյնոցները, բաժակները և շաքարը, վազելով տարավ դեպի պատրաստ սեղանը։

— Առաջին անգամն եմ տեսնում այս տեսակ թեյի պատրաստություն.— նկատեց Վահանը Մանասի հետ միասին սեղանին մոտենալով։

— Հա՛, այս թեյարաններում այսպես են խմում: Ա՛յ, մեծ թեյնոցից ջուրը կածես փոքրիկի մեջ, հետո փոքրիկը մեծի վրան դնելով կսպասես մինչև որ թեյը գույնը տա. հետո կածես կխմես։ Այս էլ ասեմ, որ թեյն ու շաքարը մի անգամ են տալիս, իսկ եփած ջուր՝ որքան անգամ ուզես։

Շիրաջն յուր բարեկամին Թիֆլիսում թեյ խմելու օրենքներին ծանոթացնելուց ետ կամենում էր հեռանալ, որովհետև շտապում էր գինետուն, Վահանը նրան բռնեց։

— Մանա՛ս, ինչպես տեսնում եմ, բոլորն էլ ստոր կարգի մարդիկ են. ուրիշ ավելի լավ տեղ չկա՞, որ այսուհետև այնտեղ գնամ։

— Ինչո՞ւ չկա, հեր օրհնած. բայց այնպիսի տեղերում թեյի բաժակը տասը կոպեկ արժե. դու այդքան փող կտա՞ս։

— Իհարկե ոչ։

— Է՛հ, ուրեմն այստեղ խմիր. բաժակը մեկ կոպեկից ավել չի նստիլ եթե շատ խմես։ Այստեղ էլ լավ մարդիկ են. բոլորն էլ արդար աշխատանքով ապրող։ Քեզ ի՞նչ, թե հագուստները կեղտոտ կամ պատռտած է։— Այս ասելով Մանասը ողջունեց բարեկամին և դուրս գնաց։

Վահանը լուռումունջ նստեց սեղանի մոտ և սկսավ նախ յուր շրջապատի հետ ծանոթանալ։ Ապա կամաց-կամաց թեյը պատրաստելով և խմելով՝ սկսավ ականջ դնել