Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու. այդ վերջացնենք, և այնուհետև ևս պիտի գնամ Սևադա իշխանի մոտ։ Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց ու պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող։

-Շատ լավ, արա՛, ինչ որ հաճելի է քեզ,-պատասխանեց բերդակալը և տեղը նստեց։

Մարզպետունի իշխանը հառեց աչքերը բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց.

-Վահրամ իշխա՛ն, կարելի՞ է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ սեպուհի վրա։

-Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար։ Այժմ այնպիսի ժամանակում ենք ապրում, որ Մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ սեպուհը դարձել է արդեն մատնիչ, մի տիրադրուժ. մանավանդ որ այժմ ծառայում է ապստամբների դրոշակի տակ։ Բայց ես կարող եմ հավատացնել քեզ, որ ո՛չ տարիները և ո՛չ հանգամանքները չեն փոխել իմ մեջ ոչինչ։ Արքայի նախկին հավատարիմը այսօր էլ նրա հավատարմագույն ծառան է։ Թե ինչո՛ւ ապստամբների հետ եմ այժմ, դրա պատճառը ոչ թե իմ, այլ արքայի շահն է, որ ես չկարողացա անտեսել։

-Ինչպե՞ս. բացատրի՛ր ինձ։

-Երբ լուր հասավ այստեղ, թե Ցլիկ-Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար առիթ համարեց օգուտ քաղել այդ դեպքից` յուր վաղուց գուրգուրած նպատակն իրագործելու համար։ Անմիջապես նա հրավիրեց յուր մոտ Գարդմանա ազնվականները և ժողովրդի գլխավորները։ Հրավիրվածների մեջ էի և ես։ Իշխանն այնպիսի ճառ խոսեց մեր առաջ, որ գարդմանացի հայրենասերները բոլորովին խելագարվեցան:

-Ի՞նչ էր ասում։

-Չեմ կարող բոլորը հիշել, բայց ինչ որ չեմ մոռացել, այն կհաղորդեմ։ Ազնվականները խմբված էին իշխանի պատշգամում, իսկ ժողովրդի գլխավորները` ապարանքի բակում: