Էջ:Muratsan, vol. 4.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապստամբը կնվաճեր։ Բայց գնալով այդպես, գտնում է ամբողջ նահանգն ապստամբած։ Երբ նա լուր տվավ ինձ այդ մասին, ես արդեն թագավորական ընտանիքը բերած էի Գառնի, որովհետև Երազգավորսի ամրությանն այլևս վստահանալ չի կարելի։ Աբասն ու ափխազաց Գուրգենը բավական անխղճորեն ավերել են նրան։ Այդտեղ, սակայն, ես թագուհուն չհայտնեցի ապստամբության վտանգավոր կերպարանք առնելու լուրը, որպեսզի չանհանգստացնեմ նրան. բայց բանն այնպես սարքեցի, որ նա ինքն առաջացվեց ինձ գնալ Ուտիք` թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու և, եթե հարկավոր էր, օգնական զորք հասցնելու նրան: Եվ ես եկա։ Բայց ի՞նչ տեսա. ոչ միայն ամբողջ Ուտիքը, այլև Արցախու և Գուգարաց մեծ մասը ապստամբած։ Արքային հանդիպեցի Գարգարացոց ձորում։ Նա հուսահատված էր և կամենում էր վերադառնալ Ոստան։ Բայց այս մի վտանգավոր ձեռնարկություն էր։ Եթե առանց Ցլիկ-Ամրամը նվաճելու նա մտներ Շիրակ, հավատացած եմ, ապստամբությունն ավելի լայն ծավալ կստանար, և պետության ամբողջությունն անզարմանելի կերպով կքայքայվեր։ Բայց ի՞նչ անեինք, զորք չկար. երկրի բերդերն ու ամրությունները փակած էին թագավորի առաջ. հավատարիմ ճանաչվածներն անգամ միաբանել էին Ամրամի հետ։ Այսուամենայնիվ, հարկավոր էր ցույց տալ, թե թագավորն անօգնական չէ Ուտիքում, և ապստամբին պետք էր տեղն ու տեղը նվաճել։ Ահա այս նպատակին հասնելու համար խորհուրդ արինք, որ թագավորը շարունակե յուր ճանապարհը դեպի եգերացոց աշխարհը, ցույց տալու համար, թե այցելության է գնում նրանց թագավորին և թե Ուտիքում կանգ առնելու նպատակ բնավ չէ ունեցել։ Իսկ եգերացոց թագավորը, հավատացած էինք, օգնական զորք կտար արքային, որովհետև նա շնորհապարտ էր նրան այն բարության համար, որ նա արեց իրան, ափխազաց Գուրգեն իշխանը եգերացոց սահմաններից հալածելով և նրա ասպատակները ցրելով։

Թագավորը յուր թիկնապահներով ճանապարհ ընկավ։

Իսկ ես սկսա Ուտիքը շրջել իմ մի հավատարմի հետ միասին։ Բոլոր շեներն ու ավաններն անցա, բերդերը դիտեցի, ապստամբության սահմանները քննեցի և եկա այն եզրակացության,