Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում ես ինձ, այլ չափիր ա՛յն անցյալից, որ ծանոթ է քեզ և արքային։ Ասացի, որ խոնարհել եմ Սևադային` իմ թագավորի շահն ունենալով ի նկատի, և այս է միակ ճշմարտությունը, որ հայտնեցի քեզ. ուրիշ դիտումներ մի՛ որոնիր վարմունքիս մեջ։ Եթե ամբողջ Գարդմանն ինձ նվիրելու լինեին, դարձյալ այդ նվերը իմ աչքում չէր գերակշռիլ այն անարգանքին, որին ես արժանի կհամարեի ինձ, եթե իսկապես դավաճանած լինեի իմ արքային...։

Այս խոսքերն արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ Մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան։

-Այո՛, Վահրամ, չեմ ծածկում քեզանից իմ կասկածը. վախենում եմ ամեն բան հայտնել: Ժամանակը և մարդիկ կործանել են իմ հավատը։ Բայց քեզ վրա, այս վայրկյանից սկսած, տածում եմ արդեն մեծ վստահություն։ Այսուամենայնիվ, շատ բան չպիտի խոսեմ քեզ հետ, որովհետև ժամանակը կարճ է. պետք է շտապել Սևադայի մոտ։ Կաշխատեմ կրկին վերադառնալ այստեղ, իսկ եթե այդ չհաջողի, այսուամենայնիվ պիտի հավատամ, որ Գարդմանի մեջ արքան յուր հավատարիմն ունի։

-Ամենաանձնվեր հավատարիմը։

-Շնորհակալ եմ. լսի՛ր: Ոստանն առայժմ խաղաղ է։ Ինչպես գիտես, թագավորը վաղուց հաշտված է Աբաս եղբոր հետ` շնորհիվ Սյունյաց Վասակ իշխանի։ Միակ չարիքը Աշոտ սպարապետի գժտությունն էր, այդ էլ մեջտեղից վերացավ։ Ես և կաթողիկոսը ամեն հնար գործ դրինք, մինչև որ հաշտեցրինք նրան թագավորի հետ։ Երկուսը միասին մինչև անգամ Դվինը պաշարելով` գրավեցին և հագարացիներին դուրս քշեցին նրա սահմաններից։ Սպասում էինք, որ երկար ժամանակ այլևս ոչ մի խռովություն չի ծագիլ մեր սահմաններում։ Մինչև անգամ տոնախմբություններ սարքեցինք Դվինում և քանի օր էր, որ դրանով էինք զբաղված։ Եվ ահա` հանկարծ Ցլիկ-Ամրամի ապստամբության լուրն առանք։ Թագավորը չէր հավատում, թե ապստամբությունն այդքան մեծ ծավալ կլիներ ստացած, ուստի միայն յուր թիկնապահների խմբով դուրս եկավ Շիրակից։ Նա այն կարծիքին էր, թե Ուտիք հասնելով` տեղական բանակի գլուխը կանցներ և, գուցե առանց արյունահեղության,