Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանն ես, մենք դարձյալ միասին ենք... Ինչպե՛ս ուրախ եմ... Տո՞ւնդ, ընտանի՞քդ, որդի՞դ, առողջ են բոլորը, այնպես չէ՞, Գոռը անշուշտ մեծացել է, սուր ու վահան է կրում...

- Այո՛, տեր, քո բարի օրհնությամբ։

- Աստուծո օրհնությամբ... Եվ բոլորն այժմ գտնվում են Երազգավորսո՞ւմ...

- Ո՛չ, Գառնիում, թագուհու մոտ։

- Թագուհո՞ւ... իմ Սահականույշի՞...

Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց. կարծես, թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրան զսպելով` նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց.

- Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞...

- Այո՛, իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում։

- Շատ առո՞ղջ... այդ լավ է, շատ լավ է... ես չէի կարծում...-ընդհատելով պատասխանեց Սևադան, կարծես թե չկամենալով, որ Մարզպետունին այդպիսի լուր հաղորդեր իրան։ Որովհետև ծանր էր գալիս նրան լսել, թե յուր Սահականույշի առողջ է այնպիսի մի ժամանակ, երբ նրա հայրն ու եղբայրը կուրացած, նստած են Գարդմանում... Չէ՞ որ այդ դժբախտության հանդիպել էին նրանք նույնիսկ այդ Սահականույշի երջանկության արգելքները բառնալու պատճառով...

Հազվագյուտ են աշխարհում այնպիսի մարդիկ, որոնք իրանց կոչման վերաբերյալ մի որևէ պարտավորություն բարեխղճաբար կատարելուց ետ, եթե մանավանդ այդ պարտավորությունը լինում է բոլորանվեր մի անձնազոհություն, չպահանջեին, որ մարդիկ անմոռաց պահեն հիշողության մեջ իրանց արածը կամ հավիտյան երախտագետ լինին իրանց։ Մեծամասնությունը, ընդհակառակը, անում է այդ պահանջը նույնիսկ յուր հասարակ պարտավորությունները բարեխղճաբար կատարած ժամանակ։ Եվ կարծես հենց մարդկանց այդ բնական ցանկությունը խեղդելու համար է, որ աշխարհում, ընդհանրապես, ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ։

Սևադա իշխանի համար ծանր էր, արդարև, հավատալ,