Էջ:Muratsan, vol. 4.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե Սահականույշը կարող էր մի վայրկյան անգամ հոգվո խաղաղություն ունենալ այն օրից ետ, որ յուր հայրն ու եղբայրը կուրացել էին յուր պատճառով, թե նա կարող էր ժպտալ, ծիծաղել, ուրախանալ... թե ամեն առավոտ ծագող ոսկեշող արևի ճառագայթները չէին համակիլ նրա սիրտը տխրությամր, հիշեցնելով նրան, որ յուր հայրն ու եղբայրը զրկված են այդ ճառագայթներից հավիտյան...

Ահա՛, այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ Մարզպետունու այն պատասխանը, թե «Սահականույշին շատ առողջ թողեցի Գառնիում»։

Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա։ Նրան զբաղեցնողն այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ի՞նչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե։ Արդյոք սուտ պատճառներ հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան։

Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց.

-Մի լավ սովորություն կա մեր ժողովրդի մեջ, իշխա՛ն. երբ հեռու երկրից մի հյուր է գալիս դրանց մոտ, չեն հարցնում ո՛չ անունը, ո՛չ գյուղն ու քաղաքը` որտեղից գալիս է նա, ո՛չ գործը` որի համար եկել է, մինչև որ մի հարուստ ճաշով կամ ընթրիքով չեն հյուրասիրում նրան։ Այդ սովորությունը յուր շահավոր պատճառներն ունի, որոնք հայտնի են քեզ։ Բայց ես այժմ հյուրասիրական այդ պարտավորության պատկառ մնալ չեմ կարող, առաջին` որ մենք օտարներ չենք, և շատ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չկամենայինք տեղեկություն առնել միմյանցից այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեզ. և երկրորդ այն օրից ի վեր, որ այս դժբախտությունն ինձ պատահեց, ես դյուրագրգիռ և անհամբեր եմ դարձել... Անհամբեր, չե՞ս զարմանում, կույրն իրավունք ունի՞ անհամբեր լինելու... Բայց ես այդպես եմ. և ինձ թվում է, թե դրա պատճառն այն է, որ իմ հոգին աշխույժ և աննկուն է դեռ, ուստի իմ անգործունեությունն ավելի ևս գրգռում է իմ մեջ գործելու եռանդը... Այո՛ այն օրից ի վեր, ասում եմ, ես անհամբեր եմ դարձել, ուրեմն ասա՛, սիրելի