պատճառ դառնալ։ Ես մինչև անգամ հույս ունեի, թե Ատներսեհ թագավորը կամ դուք իշխաններդ կհամոզեք թագավորին բանակ չշարժել իմ դեմ, այլ խորհուրդ կտաք իրան միայնակ տեսնվել ինձ հետ և հաշտվել իբրև որդի` յուր հոր հետ։ Այն ժամանակ իհարկե ես նրա հետ կխոսեի ինչ որ պետք էր, և, գուցե, շահավոր ընթացք առներ գործը։ Բայց թագավորը զայրացած հեղեղի նման հասավ Գուգարք. նրան այլևս քաղցրությամբ դիմավորել անկարելի էր։
-Այդ կետում դու անարդար ես, իշխա՛ն։ Առաջին` մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք...
-Այդ ինձ հայտնի չէր. ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել։ -Ասում եմ այդպես է. եկանք միայն մի քանի գնդերով։ Եվ երկրորդ` թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց. ինչո՞ւ չկամեցար հաշտվել, այլ ասել էիր եպիսկոպոսին, թե` «Դու կա՛ց այստեղ իմ վրանում, ես կերթամ և նրան իմ սրով կտամ պատասխան»։
-Այդ ճիշտ է. այդպես ասացի եպիսկոպոսին։ Բայց ինչո՞ւ. իմացի՛ր. այժմ այո, զղջում եմ, բայց ես էլ մի մարդ էի, չկարողացա վայրկենական զայրույթս զսպել-եպիսկոպոսն ինձ մատնացույց արավ իմ երդման գիրը, որ թագավորը կապել էր տվել բլրի վրա յուր զորքի առջև կանգնեցրած խաչի պատվանդանին։ «Տե՛ս,-ասում էր ինձ եպիսկոպոսը,-դու դրժում ես այն երդմանգրին. և եթե չհաշտվես, աշխարհը քեզ պիտի դատապարտե իբրև ուխտադրուժ...»։ Ես զայրույթից կատաղեցի. քո թագավորը յուր ձեռքում ուներ իմ երդման հետկարը և նրան տարածում էր խաչի վրա. դրանով կամենում էր աշխարհի առաջ դատապարտել ինձ իբրև ոճրագործի, ես ի՞նչ անեի, ասա՛, որտեղի՞ց գտնեի Սյունյաց եսպիսկոպոսին և նրա ներկայությամբ թագավորի արած երդումները գրի անցնելով` տարածեի իմ խաչի վրա, որպեսզի աշխարհը տեսներ, թե ո՛վ է ուխտադրուժը, ո՛վ է ոճրագործը։ Ի՞նչ անեի, կարո՞ղ էի նույնիսկ այս նամակը բանալ և կարդալ Նրա զորքի և իշխանների առաջ... Թագավորը շոշափելի և տեսանելի ապացույցներ