Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ ձեռքին, ես ոչինչ չունեի. ինձ մնում էր գալ և սրով պատառել նրա սիրտը, որպեսզի այնտեղից դուրս հանեի յուր ինձ տված երդման հետկարը և ցույց տայի աշխարհին. ուրիշ բան չէի կարող անել։ Միթե արդեն անխոհեմ զայրույթի ապացույց չէ՞ր այն, որ ես փոխանակ իմ բազմաթիվ զորքն առաջ մղելու և ձեր մի քանի հարյուրից կազմած գունդն սպառսպուռ ջնջելու, սուսերամերկ զորքի առաջն ընկա և միայնակ դեպի բլուրը բարձրացա։ Վերևից հարձակվող զորագունդն ինձ շրջապատեց։ Որդիս թողեց ճակատը և վազեց դեպի ինձ. նա տեսնում էր, որ ես զայրույթից խելագարված` մահվան դեմ էի գնում, եկավ ինձ ազատելու, բայց ձեր սեպուհ գունդն ավելի քաջ գտնվեցավ. նա մեզ երկուսիս էլ մեջ առնելով գերի բռնեց, իսկ վանանդացի հրոսակները խառնեցին գարդմանացիների ճակատը։ Աստված, այո՛, աստված ինքը մատնեց ինձ իմ թշնամու ձեռքը. նա կամեցավ պատժել ինձ իմ գործած հանցանքների համար... Այո՛, աստված, և ոչ թե Աշոտ թագավորն ընկճեց Սևադային։ Ինքդ ասում ես, որ ձեր բանակը թողել էիք Ափխազիայում և միայն մի քանի հարյուր հոգվով եկել Գուգարք. ուրեմն այդ մի քանի հարյուր հոգին չէին կարող գարդմանացոց ութ հազար հոգուց կազմված բանակը ջախջախել։ Բայց աստված ինձ և իմ որդուն մատնեց ձեր ձեռքը, և զորքն անառաջնորդ մնալով ցրվեցավ։ Այսպե՞ս է թե ոչ։

-Այդպես է։

-Լա՛վ, այժմ ինձ ասա՛, եթե թագավորր կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա փախուստ էր տալիս արյունահեղությունից, ինչո՞ւ ուրեմն շաղախեց յուր ձեռքերը արյունով հենց այն ժամանակ, երբ այլևս ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում նրան։ Նա արդեն գերի էր վերցրել ինձ և որդուս. Գարդմանա զորքերը ցրվել էին անհովիվ ոչխարների պես. ին՞չն ուրեմն ստիպեց նրան կուրացնել ինձ և Գրիգորին` յուր հորը և եղբորը... Մարդո՞ւ թե գազանի սիրտ է ապրում նրա կրծքի տակ...

-Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից։

-Ինչո՞ւ էր վախենում։ Փառք աստուծո, հայոց թագավորը