Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարից` մեզ հետաքրքրող խնդիրների մասին...»։ Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ։ Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը։

-Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող,-պատասխանեց Մարզպետունին,-լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին։

-Այո՛, համաձայն եմ քեզ հետ. այդ խրատները սուրբ խրատներ են. երբեք չպիտի մոռանանք նրանց։ Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մինը այն է, որ ասում է. « Զուգութիւն է մայր բարեաց, անզուգութիուն՝ ծնող չարեաց...»:

Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին.

-Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի, և իրավունք ունիս։ Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես, այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե «զուգություններից» առաջացող բարիքները, որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...։

Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել։ Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի` ծառայի օգնությամբ կերակրվելը։ Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մտած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր յուր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վես արտահայտությամբ... Իսկ ա՛յժմ... Այժմ կծկված էր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերուկ, նիհարած, դալկադեմ, և միայն հոգին էր, որ չէր ճնշվում նրա մեջ մարմնո կրած զրկանքներից։

Երբ ընթրիքը վերջացավ, Մարզպետունին հարցրեց, թե ինչու Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրանց մոտ։

-Գրիգորը նույնպես Ամրանի հետ է,-պատասխանեց Սևադան: -Դավիթը որդիս առաջնորդում է աղվան գնդերին, իսկ Գրիգորը` գարդմանացիներին: