Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ նստած սպասում էր` թե ուրիշ ի՛նչ պիտի ասե Սևադան։ Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել վիրավոր հոգին, այլ խոնարհիլ և հետը խոսել ողոքանոք։ «Գուցե այդպիսով ամոքեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ...»,-մտածում էր նա։

Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը` և ջուր բերավ հյուրին` լվացվելու համար։ Մարզպետունին ակնարկեց նրան` նախ Աևադա իշխանին մատուցանելու կոնքը, որովհետև իրան, իբրև տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել։

Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց.

-Զարմանում եմ, որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից։

-Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները...-մեղմությամբ պատասխանեց Մարզպետունին։

Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին Մարզետունու և մյուսը Սևադայի առաջ։

Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու. իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպես և հյուրին։

Բայց Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում։ Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց.

-Տեսնու՞մ ես, իշխա՛ն, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում։ Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում։ Բայց ես չկամեցա նրանց նմանվիլ: «Մենք օտարներ չենք, ասացի. տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չցանկանայինք տեղեկություններ առնել