աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նավաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքում։ Այդ պատճառով ասաց.
-Եթե ես ծունր չոքեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցգ ու որդկերանցդ արյունը... արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե... Եթե հիշեցնեի քեզ նախ` քրիստոնեի և ապա` հայ մարդու սրբացան պարտքը, որ է՝ չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել... ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ...։
-Ո՛չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի։ Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան։ Ապստամբած սիրտը չի հնազանդել ուղեղի հրամանին, իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում. մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ։ Քրիստոնյա մարդ չկա աշխարհում։ Քրիստոսի պատվերը կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են, չեն կարողանում «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» փոխարինել։ Բայց նրանք, որոնք ուժ ունին փոխարինելու` փոխարինում են զրկանքը. և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը։
-Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու և սակայն ներում են...
-Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեն ճանաչում։
-Դու եղի՛ր նրանից մինը, Սևադա իշխան. մի՞թե քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր, քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես։ Ով որ գիտե, թե ո՛րն է բարին և լավագույնը և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է։ Անշուշտ