Էջ:Muratsan, vol. 4.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզանից մինը համարձակվի նրան այդ անունը տալ։

-Գարդմանա տերը, դժրախտաբար, մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ դրել է այնպիսի մի սիրտ, որպիսին ունին և ուրիշները. նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները։

-Ո՛չ, Գարդմանա տերը մի սինլքոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը, նա գիտե, թե որքան քաղցր է ներելն և պիտի ներե անշուշտ։ Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդիներն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը։

-Տե՛ր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը։ Բայց երբ դու հեռանաս և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերանալու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը` ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտեմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ, բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածեմ, որ քո թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին... երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը... Երբ Գրիգորի որդին` փոքրիկ Սևադան, գա հարյուերորդ անգամ ինձ հարցնելու թե`«Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...», ասա, տե՛ր Մարզպետունի, երբ այս բոլորը գան և աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա` «վրե՜ժ, վրե՜ժ անզգամին...», ի՞նչ անեմ ես այն ժամանակ...։

-Ի՞նչ անես այն ժամանակ։

-Այո՛, ասա՛, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել։

-Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով` իջավ Կապույտ բերդից և յուր անձը մատնեց թշնամուն. ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով` վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով` չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր