Լույսը դեռ նոր էր բացվում, որ Մարզպետունի իշխանը հագնվելով` իջավ դղյակի բակը և ծառաներից մինին զարթեցնելով` հրամայեց յուր ձին թամբել: Եղանակը ցուրտ էր և երկինքն ամպամած։ Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և հիշեցնում էր մոտալուտ ձմեռը։ Ծառան, որ նոր էր տաք անկողնից ելել, ցրտի ազդեցությունից կծկծված, դժվարանում էր շտապով ավարտել զործը։ Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար. «Այդպե՞ս են գործ կատարում այստեղ»-կշտամբեց նա ծառային և նժույգն առաջ քաշելով` արագ-արագ ամրացրեց թամբի կապերը։
Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը` զարթեցրեց Սևադայի բարապանին, իմանալու համար, թե արդյոք կարո՞ղ է տեսնել իշխանին։ Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը և դուրս եկավ միջանցքը։ Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով։
-Ի՞նչ եք հրամայում, իշխան,-հարցրեց նա Մարզպետունուն։
-Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնի՛ր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրան,-ասաց իշխանը։
Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկենից վերադառնալով, հայտնեց, որ իշխանն սպասում է իրան։
Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով` մտավ Սևադայի ննջարանը և սաղավարտը հանելով մոտեցավ իշխանի մահճակալին։
Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյա կանթեղը. իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով։
-Ինչո՞ւ այսպես վաղ, սիրելի՛ իշխան,-հարցրեց Սևադան։
-Կամենում եմ այսօր ևեթ հասնել Ամրամի բանակը. ժամանակը թանկ է, պետք է շտապել։
-Բայց դու գիտե՞ս, թե որտե՛ղ է նա բանակած։
-Երբ շրջում էի Ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ։ Իսկ այժմ որտե՛ղ