Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես բառնալ չեմ կարող. այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես։

-Ամենայն ուրախությամբ. աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա՛, ո՛րն է արգելքը։

-Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով. բայց Ցլիկ֊Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում. այժմ ինչպե՞ս հակառակ խորհուրդ տամ նրան։

-Այդ նեղությունը ես հանձն կառնեմ,-ասաց Մարզպետունին։

-Շատ գեղեցիկ. բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից։ Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող։ Այժմ դու գնա Ամրամի մոտ, աշխատի՛ր համոզել նրան, որ հնազանդե յուր թագավորին։ Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկիր ինձ և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որդվոց, որ հեռանան Ուտիքից իրանց զորքերով։ Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր, որ աստված չի կամենում անցնել փորձության բաժակը, և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն...։

Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց։ Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր։ Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա՛, համոզվել էր. ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ֊Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով։

Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մինում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը։

Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշարար քունը նրա աչքերը փակեց։