-Հայտնապես ոչինչ չասա՞ց. հասկանում եմ. բայց ակնարկությունից դու այդ գուշակեցիր... Լա՛վ, ես կստիպեմ այդ մարդուն հարգել ինձ... Գևորգ իշխան, ես այժմ քեզ հետ եմ,-դիմեց նա Մարզպետունուն վճռական եղանակով։ -Գնա՛, աշխատի՛ր, որ նախ հաշտությունը կայանա. իսկ եթե այդ չի հաջողիլ, անմիջապես սուրհանդակ ղրկիր ինձ, հետևյալ օրը ես քո մոտ կլինեմ։ Այս սուրը ճանապարհ կբանա իմ թագավորի համար ինչպես Ուտիքը, նույնպես և Գարդմանը նորից գրավելու։ -Այս ասելու ժամանակ նա բացավ լայնադրոշ այծենակաճը և զորեղ ձեռքը դրավ վաղակավորի երախակալի վրա։
Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին և այդ խոստումն առնել նրանից: Թագավորը, արդարև, կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության։ Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց միանգամ մոտենալուց ետ` այլևս չեն վախենում նրանից։
-Տո՛ւր ինձ քո ձեռքը և երդվի՛ր, որ ո՛ւր որ էլ լինիմ՝ պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար,-ասաց Մարզպետունին, յուր թափանցող հայացքը սևեռելով բերդակալի աչքերին։
-Երդվում եմ Լուսավորչի սուրբ աջովը...— հարեց իսկույն Վահրամը և ձեռքը տվավ Մարզպետունուն։
Վերջինս սեղմեց այն ջերմությամբ և ասաց.
-Շնորհակալ եմ, Վահրամ իշխան. մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի և հայրենիքի սիրույն։ Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա....
-Այո՛, Վահրամ սեպուհը նույնպես քեզ է պատկանում. զոհի՛ր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա։
-Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, և ահա՛ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը և հավատը...։
Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ և մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով, աշտանակեց յուր նժույգը և սրարշավ դուրս եկավ ամրոցից։