Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանի թիկնապահը, որ Գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, և այդ պատճառով գրեթե ամբողջ գիշերն անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով` ուղղվեցավ դեպի ամրոցը։ Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով` թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից։

Բայց որքա՛ն մեծ եղան նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ Գարդմանա գետակը չանցած` տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից։

-Ու՞ր և ինչու՞ այդպես վաղ, Եզնիկ,-հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց։

-Տե՛ր իմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, -պատասխանեց թիկնապահը,-բայց գիտեի, որ Գարդմանը անմատչելի է ծակամուտների համար։

-Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր շտապում։

-Նորություններ իմացա, գալիս էի քեզ մոտ. վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից։

-Ես, փառք աստուծո, ահա ողջ-առողջ նստած եմ Սևուկիս վրա. բայց դու ի՞նչ նորություններ լսեցիր։

-Անախորժ նորություններ։ Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել։

-Հետո՞։

-Բոլոր փողերս նրա տանը թողեցի։ Մի մասը աջհամբույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնալվայի նվեր։

-Իսկ աղջիկը գեղեցի՞կ էր։

— Ո՛հ, տեր իմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ Եզնիկի հետ կատակ ես անում. և իրավ շատ գեղեցիկ էր. սևաչյա, կարմրաթուշիկ, երկայնահեր...

-Ինչո՞ւ չնշանվեցար։

-Հա՛, քահանային կաշառելո՞ւ համար... Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի. խոստացա, թե «կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա Դվին»։ Զարմանալի է. այդ գեղջուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում։