-Դու չէի՞ր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք։
-Ինչո՞ւ չէ, բայց ես կարող էի առյուծի պես կռվել:
-Է՛հ, քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել, մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում ու մեռնում, ինչպես և գյուղերում։
-Այդպես է, տե՛ր։
-Բայց դու ի՞նչ իմացար քահանայից։
-Արքայից ապստամբած են նաև աղվանցիք ու գարդմանացիք. և այդ արել է Սևադան։ Տեր֊հայրը պատմեց, թե` «մի օր մեր գյուղապետն եկավ և իշխանի հրամանով հրավիրեց բոլոր գյուղացիներին եկեղեցվո բակը և երդվեցրավ նրանց զենք առնել թագավորի դեմ։ Բոլորը երդվեցան։ Մյուս գյուղերում ու ավաններում էլ նույնն են արել։ Երեք օրվան ընթացքում, ասում էր տեր֊հայրը, չորս հազար մարդ է հավաքվելԴավիթ իշխանի դրոշակի տակ։ Այդ բանակով նա գնացել է Ուտիք։ Իսկ գյուղերում մնացող ժողովուրդը երդվել է` չոր հաց անգամ չտալ արքայական զորքին»։
-Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել,-ասաց իշխանը։ Ապա հաղորդելով նրան մի քանի կարևոր նորություններ, հարցրեց. -ի՞նչ իմացար դու բանակի շարժման մասին, արդյոք ապստամբները մինչև ո՞ւր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտե՞ղ պիտի միանան ուտիացիներին։
-Այդ մասին ոչինչ չիմացա, չնայելով, որ հենց այդ նպատակով երկու ժամ էլ գինետանն անցրի։ Միայն թե այդտեղ պատահեցի մի դասալիք զինվորի, որ փախել էր Տավուշի ձորից։ Նա պատմում էր, թե Ամրամի մի քանի խմբեր շրջում են Կուրի եղեգնուտներում և նպատակ ունին նետահար անել արքային, հենց գետի վրայից անցնելու ժամանակ, որովհետև Ամրամը վախենում է եգերացիներից և չի կամենում ազատ դաշտի վրա ճակատել նրանց դեմ։
-Այդ նրանց չի հաջողիլ,-նկատեց իշխանը հանգստությամբ,-թագավորի թիկնապահները վանանդացիք են. նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցիլ, ո՛ւր մնաց ուտիացիների նետերը: