Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանացիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և ներկայացնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ, որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավարի կամ իշխանի վրանը։ Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու։

Նոր էին հասել և դաշնակից ափխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրանց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա։

Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով` Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց.

-Ինչպե՜ս լավ համախմբվում են` իրանք իրանց կործանելու համար։

-Չէիր սպասում այսպիսի կազմության, տե՛ր իմ, այնպես չէ՞,- հարցրեց Եզնիկը ժպտալով։

-Բնա՛վ։ Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում... կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել...։

-Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞,-հարցրեց թիկնապահը։

Իշխանը չպատասխանեց։ Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած` դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը։

Երկար դիտելուց ետ, նա դարձավ թիկնապահին.

-Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը։

-Ա՞յն, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ։

-Այո՛. Ամրամ սեպուհինն է այն. գնա, անցիր, ուղղակի բանակի միջով...

-Ավելի լավ չէ՞ հովտի եզերից մոտենալ։

-Ո՛չ, սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել։ Անցի՛ր բանակի միջով, բայց սրարշավ և