Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց աջ ու ձախ նայելու. մոտեցի՛ր իշխանի վրանին, ներս մտիր... Ճանաչո՞ւմ ես դու իշխանին։

-Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել։

-Հա՛, նե՛րս մտիր և հայտնիր իմ կողմից, որ եկել եմ և կամենում եմ տեսնվել յուր հետ։ Ասա՛, որ կարևոր գործի մասին է խոսելիքս։

-Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի։

-Ո՛չ. պատճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա՛, մի ուշանար։

-Իսկույն, տե՛ր իմ։

Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ։

Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեպ երկար ուղղությամբ։ Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանում էր զորավարական դրոշը։ Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով։ Վրանը վերամբառնող եռյակ սյուների վրա, որոնք զարդարված էին պղնձե փայլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է` արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ ու ասպարներ, նետալից կապարճներ, արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ։

Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին։ Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրամը, միայնակ և մտախոհ։

Սա մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով։ Նրա լայն ճակատը, որը ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավամազ և գրեթե միավորյալ հոնքեր, մեծ և արծռունգն քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապանակի կեսը, տալիս էին նրան